Ստամբուլում մոտ 200 մարդ հարձակում է գործել Թաիլանդի հյուպատոսության շենքի վրա` քարերով եւ փայտերով ջարդելով լուսամուտներն ու դռները:
Ստամբուլում 200 մարդ հարձակվել է Թաիլանդի հյուպատոսության շենքի վրա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամբոխն այդ քայլին է դիմել բողոքելով, որ իրենց պնդմամբ` հյուպատոսությունը պատրաստվում է Չինաստանին հանձնել այնտեղ պատսպարած ույղուր թուրքերին:
Գազազած ամբոխը իջեցրել է նաեւ շենքի մուտքին ամրացված Թաիլանդի դրոշը: Նրանք պարզել են «Կեցցե անկախ Արեւելյան Թուրքեստանը», «Թուրքիա, տեր կանգնիր եղբորդ» բովանդակությամբ պաստառներ: Շենք ներժուժած մի խումբ մարդիկ ջարդել փշրել են նաեւ սենյակների իրերը:
Ծայրահեղ ազգայնական տրամադրված ամբոխը կազմակերպած ավերից հետո նամազ է արել: Միջադեպի վայր հասած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են նրանցից 9-ին, իսկ մնացածներին հեռացրել հյուպատոսության շենքի մոտից:
Անկարան արհեստականորեն գրգռում է թուրքերին` սուտ լուրեր տարածելով, թե իբր Չինաստանի իշխանությունները թույլ չեն տալիս Ույղուրական ինքնավար մարզում բնակվող մուսուլմաններին Ռամադան տոնի հետ կապված նամազ անել մզկիթներում եւ պաս պահել: Չինաստանի ԱԳՆ-ն այդ առնչությամբ հայտարարել էր, որ երկրում պաշտպանվում է բոլոր փոքրամասնությունների սահմանադրությամբ նախատեսված կրոնական իրավունքները:
Հետաքրքիր է, որ չնայած թուրքերը Չինաստանում բնակվող ույղուրներին համարում են իրենց եղբայրակիցները, սակայն, ույղուրներն իրենք իրենց համարում են մահմեդականություն ընդունած չինացիներ: