Հուլիսի 17-22-ը արցախցի մարզիկները կմասնակցեն Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք Կունգ ֆուի աշխարհի առաջնությանը:
Արցախցի մարզիկները կմասնակցեն Կունգ ֆուի աշխարհի առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է միջազգային կարգի սպորտի վարպետ, ԼՂՀ ուշու-ի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ առաջնությանը, որի կազմակերպիչը Կունգ ֆուի միջազգային ֆեդերացիան է, մասնակցելու են ավելի քան 80 երկիր ներկայացնող մարզիկներ:
«Արցախից Կունգ ֆուի աշխարհի առաջնությանը կմասնակցի 3 մարզիկ, որտեղ 18-ից բարձր տարիքային խմբի մինչև 52 կգ քաշային կարգում հանդես կգա Վարդգես Մանասյանը, ով անցյալ տարի մինչ 48 կգ քաշային կարգում ճանաչվել է, որպես աշխարհի չեմպիոն, արցախցի մարզիկ Հայկ Խաչյանը՝ 17-18 տարիքային խմբում, մինչև 56կգ քաշային կարգում , իսկ Հայկ Գասպարյանն էլ 15-16 տարիքային խմբում` մինչև 56կգ քաշային կարգում: Նշեմ նաև, որ վերոհիշյալ մարզիկներն այս տարի դարձել են ՀՀ Կունգ ֆու սանդայի հաղթողներ, ինչն էլ առիթ է հանդիսացել, որ նրանք հրավիրվեն մասնակցելու աշխարհի պեկինյան առաջնությանը»,- մանրամասնել է Դ. Գրիգորյանը:
Խոսելով իրենց նպատակադրումների մասին՝ գլխավոր մարզիչն ընդգծել է , որ ցանկանում են առաջին հերթին շխարհին ապացուցել, թե Արցախի մարզիկներն իրենց պատրաստականությամբ չեն զիջում մյուս երկրների մարզիկներին:
Դ. Գրիգորյանը համոզմունք հայտնել, որ Պեկինում կայանալիք Կունգ ֆուի աշխարհի առաջնությունը կնպաստի նաև Արցախի միջազգային ճանաչմանը: «Բացի այդ, մեզ համար կարևոր է փորձի փոխանակումը, առավել ևս, որ այդ սպորտաձևի հայրենիքը Չինաստանն է»,- խոսքը ընդհանրացրել է Դ. Գրիգորյանը: