ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը նախազգուշացրել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին չդադարեցնել քրդերի հետ խաղաղ գործընթացը, որին խոչընդոտում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դիրքերին օդային հարվածները:
Ենս Սթոլթենբերգը նախազգուշացրել է Դավութօղլուին չդադարեցնել քրդերի հետ խաղաղ գործընթացը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` Թուրքիայի զինված ուժերն ուրբաթ օրը սկսել են հարձակումներ գործել Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի և Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դիրքերի վրա: Գործողության ընթացքում օգտագործվում են F-16 կործանիչներ, իսկ տանկերը և հրետանին կրակում են ԻՊ-ի դիրքերի վրա Թուրքիայի սահմանամերձ տարածքից:
«Բոլոր երկրներն ինքնապաշտպանության իրավունք ունեն: Թուրքիան իրավունք ունի իրեն պաշտպանել ահաբեկիչների հարձակումներից, բայց կարևոր է, որ միջոցները համաչափ լինեն և չհանգեցնեն հակամարտության սրման»,- ասել է Սթոլթենբերգը:
Նա նշել է, որ ոչ մի ահաբեկչական գործողություն չպետք է խանգարի խաղաղ քաղաքական լուծման որոնումների ուղղությամբ տարվող ջանքերին:
Թուրքիայում իրավիճակը կտրուկ սրվել է վերջին օրերին Սիրիայի հետ սահմանին՝ Սուրուչում, ԻՊ-ի կազմակերպած ահաբեկչությունից և հարավ-արևելյան շրջաններում ոստիկանների սպանություններից հետո, ինչի պատասխանատվությունը ստանձնել է «Քրդական աշխատավորական կուսակցությունը»։