Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում լրագրող Խադիջա Իսմայիլովայի դեմ այսօր տեղի ունեցած դատալսման ժամանակ դատախազը պահանջել է դատապարտել նրան 9 տարի ժամկետով ազատազրկման:
Ադրբեջանում դատախազը Խադիջա Իսմայիլովայի համար 9 տարի ազատազրկում է պահանջել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, դատարանի հերթական նիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ սկզբում «ինքնասպանության հասցնելու» մեղադրանք, իսկ հետո «խոշոր չափերի յուրացում եւ զեղծարարության», «ապօրինի ձեռնարկատիրության», «հարկերի վճարումից խուսափելու», «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» կեղծ մեղադրանքներ են առաջադրվել:
Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանում ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին` նախկին գործընկերոջը ինքնասպանության հասցնելու շինծու մեղադրանքով:
Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան հանդիսանում է Ադրբեջանում իշխանության վերին օղակներում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակ, որոնց արդյունքում բացահայտվել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ունեցվածքը: Վերջին տարիներին նա թոք-շոու էր վարում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում:
Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը հուլիսի 30-ին հայտնել էր, որ Խադիջա Իսմայիլովան արժանացել են ԱՄՆ Ազգային մամուլի ակումբի Մամուլի ազատության պարգեւին:
Ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքը ապրիլի 16-ին հայտնել էր, որ Խադիջա Իսմայիլովան արժանացել է միջազգային «PEN/Barbara Goldsmith գրելու ազատություն» պարգեւին, որը նրա ներկայացուցչին հանձնվել է այս տարվա մայիսի 5-ին Նյու Յորքում` Ամերիկայի բնության պատմության թանգարանում: