Առաջիկայում Հայաստանի և Եվրամիության միջև վերսկսվելու են ՀՀ-ԵՄ հարաբերությունների շրջանակի շուրջ տարվող բանակցությունները՝ նոր փաստաթղթի մշակման նպատակով:
Առաջիկայում կսահմանվի ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթի ձևավորման համար տարվող բանակցությունների շրջանակը. Ա. Զաքարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Առաջիկայում կսահմանվի բանակցությունների շրջանակ, կորոշվի բանակցողների ստատուսը և գործընթացը կվերսկսվի: Այս պահին դեռևս աշխատանքային խորհրդակցություններ են ընթանում, բայց առաջիկայում՝ ավելի ակտիվ փուլով, ինտենսիվ կերպով, կսկսվեն նաև բանակցություններ նոր փաստաթղթի վերաբերյալ»,- նշել է Արտակ Զաքարյանը:
Սակայն, նոր փաստաթուղթը, ինչպես հայտարարել էր Եվրամիությունում նախագահող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը, այն մեկ մակարդակով ցածր է Ասոցացման մասին համաձայնագրից:
Այս առնչությամբ հետաքրքրվեցինք՝ Հայաստանին բավարա՞ր է համագործակցության ավելի պակաս տարբերակը: Ի պատասխան Արտակ Զաքարյանը նշեց, որ նոր փաստաթուղթը կկառուցվի Ասոցացման համաձայնագրի փոփոխված տարբերակի հիմքում: «Ասոցացման համաձայնագրից դուրս կբերվեն այն խնդիրները, որոնք խանգարում են իրական համագործակցության հաստատման համար: Այս փուլը դեռ նոր է սկսվել, դեռ զարգացման, խորացման հնարավորություններ կան, որոնց ուղղությամբ պետք է իրականացվեն քայլեր»,- հավելել է պատգամավորը:
Ա. Զաքարյանը շեշտել է, որ նոր փաստաթուղթը հնարավորություն կտա լրացնել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում առկա բացը:
Թե կոնկրետ ինչով է տարբերվելու նոր փաստաթուղթը Ասոցացման համաձայնագրից, Արտակ Զաքարյանը նշեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ է, ուստի տնտեսական հատվածը, առևտրային համագործակցությունը կախված են ԵՏՄ-ից: «Եվրամիությունը մեզ համար անփոխարինելի գործընկեր է և կարևոր է, որ մենք ունենանք թե՛ ոլորտային, թե՛ համընդհանուր բանակցված փաստաթղթեր, որոնք կապահովեն երկարաժամկետ համագործակցություն»,- ասել է նա: