Շատերին է հայտնի, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը պարբերաբար թիրախավորում է այն ոլորտները, որոնք աջակցության կարիք ունեն և, ըստ այդմ, իրականացնում տարբեր ծրագրեր կամ ֆինանսավորում այս կամ այն նախաձեռնությունը:
«Ապագայի կերտումը չկատարենք ապագայում. այն կերտենք այստեղ և հիմա». Կարեկին Օդաբաշյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Օրերս Ստեփանակերտում բացված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շենքի ամբողջական նորոգման ֆինանսավորումը վերը նշվածի հերթական վկայությունն է: «Ղարաբաղ Տելեկոմ»-ը հանուն այդ նպատակի հատկացրել է շուրջ 150 միլիոն ՀՀ դրամ:
Կենտրոնը ստեղծվել է «Սիմոնյան կրթական հիմնադրամի» և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) համագործակցությամբ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին կենտրոնի բացման հանդիսավոր արարողության ընթացքում երախտագիտություն է հայտնել ՀԲԸՄ-ին, «Սիմոնյան» հիմնադրամին և «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությանը հայրենանվեր այս նախաձեռնությունն իրականացնելու համար` նշելով, որ դա մեր հանրապետությունում մարդկային կապիտալի զարգացման գործում լավագույն ներդրումներից է:
Իսկապես, Թումոն եզակի կառույց է լինելու Արցախի 500-ից ավելի 12-18 տարեկան պատանիների համար, որոնք լավագույն մասնագետների շնորհիվ և ժամանակակից ծրագրերի միջոցով կբացահայտեն իրենց մտավոր ներուժի նոր հորիզոնները: Մասնավորապես, կմասնագիտանան հետևյալ հիմնական ոլորտներում՝ անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում, թվային մեդիա, ինչպես նաև կտիրապատեն տեխնիկական հմտությունների համակարգչային ծրագրավորման, եռաչափ (3D) մոդելավորման և երկչափ (2D) գրաֆիկայի ոլորտներում, արտիստիկ հմտությունների՝ նկարչության, երաժշտության և ստեղծագրության ոլորտներում, մասնագիտական հմտությունների՝ առցանց գրագիտության, հաղորդակցության և համագործակցության ոլորտներում:
Նշենք, որ Թումոյի առաջին կենտրոնը բացվել է Երևանում 2011 թ.-ին, երկրորդը՝ Դիլիջանում 2013 թ.-ին: Այդուամենայնիվ, ըստ Թումոյի, Ստեփանակերտի կենտրոնի սաները կառաջնորդվեն նույն ծրագրով, ինչ իրենց երևանցի դասընկերները և նրանց կդասավանդեն նույն մասնագետները, ինչպես նաև հատուկ դասընթացներով հանդես կգան այլ մասնագետներ ամբողջ աշխարհից:
Վերը նշվածը կնպաստի նոր սերնդի բարձրորակ կրթության ապահովմանը՝ խթանելով Արցախում գիտելիքամետ հասարակության զարգացմանը, ինչը վկայում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կողմից ռազմավարական նշանակության ծրագրերն աջակցելու շարունակական առաքելության մասին:
«Կրթության ոլորտը հանդիսանում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի թիրախային ուղղություններից մեկը, և կրթության ոլորտում արվող ցանկացած ներդրում, կարելի է ասել՝ արդեն իսկ արդարացված է, որովհետև դա ներդրում է ապագայի համար, լուսավոր ապագայի համար»,-«Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը:
Ըստ Օդաբաշյանի, Թումոն և նմանատիպ նախաձեռնությունները կոչված են բարձրացնելու մեր մրցունակության նշաձողը աշխարհում: «Մեր երեխաներն այժմ հնարավորություն ունեն ստանալ նորագույն կրթություն, զարգացնել ստեղծագործական առաջադեմ կարողություններ և լինել առաջինների շարքում ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում»,-նշեց նա:
«Այսօրինակ նախաձեռնություններում մենք առաջնորդվում ենք մի պարզ ճշմարտությամբ. ապագայի կերտումը չկատարենք ապագայում. այն կերտենք այստեղ և հիմա»,-ասաց Կարեկին Օդաբաշյանը:
Նշենք, որ միայն նախորդ տարվա ընթացքում «Ղարաբաղ Տելեկոմ»-ը ավելի քան 1 միլիարդ ՀՀ դրամի չափով աջակցություն է ցուցաբերել տարբեր ոլորտներին, ներառյալ առողջապահությունը, կրթությունը, եկեղեցաշինությունը, ուժային կառույցների համակարգը, ինչպես նաև «Արցախի ազգային վիճակախաղին» և այլ նախաձեռնություններին՝ նպատակ ունենալով խթանել Արցախի վերաբնակեցումը: