Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է բարերար Արթուր Վարժապետյանին:
Բարերար Արթուր Վարժապետյանը ԼՂՀ մի շարք պետական կառույցների ավտոմեքենաներ է հանձնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպմանը քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Այնուհետեւ Նախագահ Սահակյանը եւ Արթուր Վարժապետյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել են ԼՂՀ մի շարք պետական կառույցների ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Արթուր Վարժապետյանին Արցախին մշտապես սատարելու համար՝ նշելով, որ դա ընդօրինակման արժանի հայրենանվեր գործունեություն է:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքի ղեկավար Անդրանիկ Բաբայանը նշել է. «Կարող ենք ասել, որ մեր համայնքում տրանսպորտային խնդիրը լուծվեց, որի հետ միաժամանակ նաև մի շարք խնդիրներ հեշտացան: Մեծ օգնություն է այսօրվա նվերը մեր համայնքի համար, քանի որ կարիքը շատ էր զգացվում»:
Համայնքի բնակչության անունից Ա. Բաբայանն իր երախտագիտությունն է հայտնել բարերար Արթուր Վարժապետյանին այս ազգանվեր գործի համար: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: