Սեպտեմբերի 9-ի գիշերը Ադրբեջանի Լենքորան քաղաքում Հեյդար Ալիեւի անվան պողոտայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի 34-ամյա ենթասպա Ռամին Գիյամեդդին օղլու Մամեդլին եւ ծանր վիրավորվել 24-ամյա զինծառայող (կոչումը չի նշվում) Ռասիմ Նովրուզ օղլու Ումիդովը:
Ադրբեջանում ՃՏՊ-ից մեկ զինծառայող է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: report.az լրատվական կայքի փոխանցմամբ՝ ՃՏՊ-ի ենթարկված OpelAstra ավտոմեքենայի ղեկին եղել է ենթասպա Մամեդլին: Զոհված եւ վիրավոր զինծառայողները եղել են Խաչմազի շրջանից եւ ծառայելիս են եղել միեւնույն զորամասում:
Զինծառայողը կորցրել է մեքենայի կառավարումը, բախվել պողոտայի մայթին գտնվող ծառին: Ուժգին հարվածից վարորդը մեքենայից դուրս է շպրտվել, իսկ ծառն ընկել է նրա վրա: Զինծառայող Ումիդովը բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է Լենքորանի հոսպիտալ: Փաստի հետ կապված Ռազմական դատախազությունը հետաքննություն է սկսել:
Ադրբեջանի ԱՊԱ լրատվական գործակալությունը լուրը հայտնել է առանց նշելու, որ զոհվածն ու վիրավորը զինծառայողներ են:
Թեեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ տեղեկությունների, ինչպես նաեւ ոչ պաշտոնական աղբյուրների եւ սոցցանցերի համաձայն` այս տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 103 զինծառայող եւ 55-ից ավելի վիրավոր: