ԼՂՀ և Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգերի կատարմամբ այսօր Արցախում մեկնարկել է «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնը որի շրջանակներում, Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում կայացել է քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի «Հավերժություն» քանդակի բացման և «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնարկեքի և օծման հանդիսավոր արարողությունը:
Ստեփանակերտում մեկնարկել է «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնը. (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Իր խոսքում, միջոցառմանը ներկա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ Արցախ-Ֆրանսիա բարեկամությունը թևակոխում է մի նոր փուլ՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը ԼՂՀ արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն ուղղություններից է:
« Ի դեմս Ֆրանսիայի՝ մենք ունենք հզոր ու քաղաքակիրթ բարեկամ երկիր, որի հետ կապված ենք բազմաթիվ խողովակներով: Ես լավատես եմ մեր երկկողմ հարաբերությունների ապագայի հանդեպ, քանի որ տեսնում եմ անկեղծ ձգտում և հաստատակամություն մեր եղբայրական կապերը զարգացնելու ուղղությամբ»,- նշել է երկրի ղեկավարը:
«Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում նշել է, որ իր և Ֆրանսիայից ժամանած պատվիրակության համար մեծ պատիվ է ներկա գտնվել Ստեփանակերտում ֆրանսիացի մեծ բանաստեղծ Պոլ Էլյուարի անունը կրող ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:
«Բարեկամ ժողովրդի լեզվին ծանոթանալ` նշանակում է քայլեր ձեռնարկել նրան լավ ճանաչելու համար:
Բացի այդ, ֆրանկոֆոնիան համերաշխության ամրապնդման, փորձի փոխանակման, մշակութային կապերի ընդլայնման առաջնակարգ հարթակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն են հայտնում ֆրանկոֆոնիայի մաս կազմել:
Ֆրանկոֆոնիայի գործընկերների ցանցը` արդյունավետ գործունեություն ծավալելով, տարածված է աշխարհի բոլոր մայրցամաքներում:
Այն մի գործիք է, որը ծառայում է նույն արժեքներն ունեցող համայնքների միջև ծրագրերի իրականացմանը: Արցախում ֆրանկոֆոնիայի խթանումը համագործակցության նոր ոլորտներ է բացելու, և ես իմ բարեկամների հետ կանեմ հնարավոր ամեն ինչ` աջակցելու այդ համագործակցության կայացմանն ու ամրապնդմանը»,- ասել է Ֆ. Ռոշբլուանը`նշելով, որ իրենց ազատասիրությամբ արցախցիները ֆրանսիացի ժողովրդի լավագույն ավանդույթների համախոհնն են դարձել:
«Հավերժություն» քանդակի բացման պատիվը տրվել է ԼՂՀ ԱԺ և «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանին, Ֆրանսուա Ռուշբլուանին և քանդակի հեղինակ Թորոս Ռասթկելենյանին:
Այնուհետև կայացել է «Պոլ Էլյուարի Տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնարկեքի և օծման արարողությունը, որին հետևել է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում գործող մշակութային համույթների կատարմամբ կազմակերպված համերգային ծրագիրը:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ և Ֆրանսիայի Ազգային ժողովների մի խումբ պատգամավորներ, պաշտոնատար անձինք, «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի Արցախի համայնքների հետ բարեկամացած Ֆրանսիայի քաղաքների, «Սատար Ղարաբաղին» միության և Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ և այլք: