ՀՀ անկախության օրը Civil Voice ՀԿ-ն «Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» միջոցառուման շրջանակներում իրականացրեց հայ զինվորների համար նախատեսված նվերների արդեն ավանդական դարձած հավաքագրումը:
«Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր». Ազատության հրապարակում զինվորների համար նվերների արկղեր են դրվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 21-ին` ժամը 13:00-17:00-ն, Civil Voice-ի ներկայացուցիչները, կամավորները հատուկ նվերների համար արկղեր էին տեղադրել մայրաքաղաքի Ազատության հրապարակում` կոչ անելով քաղաքացիներին սահմանային զորամասերից մեկում ծառայող զինվորներին նվիրել հիգիենայի պարագաներ:
«Սա չորրորդ ակցիան է, որն իրականացվում է մեր կազմակերպության կողմից` Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առիթով, որի կայացման ընթացքում առանցքային դեր ունեն հայ զինվորները: Այս առիթով մենք որոշեցինք կրկին իրականացնել բարեգործական մեր ակցիան», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Civil Voice ՀԿ-ի տեղեկատվության և հասարակայն ության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Հարությունյանը:
«Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» ակցիան իրականացվում է տարին երկու անգամ, և նախորդները կազմակերպիչներին հիմք տվեցին պնդելու, որ և զինվորներն են սպասում ակցիայի իրականացմանը, և քաղաքացիները, ովքեր պատրաստակամ են ամեն անգամ մասնակցելու ակցիային:
Կազմակերպիչները տեղեկացրեցին, որ ակցիային հաջորդող չորս օրերի ընթացքում ցանկացողները կարող են իրենց նվերները բերել կազմակերպության գրասենյակ:
«Մենք կոչ ենք անում քաղաքացիներին բերել միայն հիգիենայի պարագաներ: Չնայած, որ Պաշտպանության նախարարությունը ապահովում է զինվորներին անհրաժեշտ պիտույքներով, սակայն դա չի խանգարում, որպեսզի քաղաքացիները նույնպես ունենան աջակցություն», - ասաց Բաբկեն Հարությունյանը: Նա նաև տեղեկացրեց, որ, բացի նյութական աջակցությունից, իրենց կազմակերպությունը ժամանակ առ ժամանակ համերգներով և հանդիպումներով այցելում է հանրապետության տարբեր վայրերում գտնվող զորամասեր:
Նախկինում քաղաքացիները կարող էին զինվորներին ուղարկել նաև քաղցրավենիք, սակայն պիտանելիության ժամկետի և պահպանման համապատասխան պայմանների պահանջներից ելնելով` կազմակերպիչները ստիպված եղան հրաժարվել քաղցրավենիքի հավաքագրումից: