ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է դանիական «Վոքս Վիվա» երգչախմբին:
Արցախը շահագրգռված է երգչախմբային արվեստը զարգացնելու հարցում. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը նախարարը հյուրերին ներկայացրել է Արցախում երգչախմբային արվեստի ոլորտում արձանագրած հաջողությունները:
«Մենք շահագրգռված ենք, որ Արցախում զարգանա երգչախմբային արվեստը՝ գիտակցելով նաև, որ այն սովորեցնում է մարդկանց միասին լինել, միասին աշխատել», -նշել է նախարարը:
Հյուրերը փոխանցել են Արցախում ստացած տպավորությունները, շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:
«Մենք կազմում էինք մեր համերգային շրջագայության ծրագիրը, երբ Արցախում համերգներով հանդես գալու հրավեր ստացանք: Առանց երկար մտածելու միանգամից համաձայնվեցինք, և անհամբեր սպասում էինք արցախյան հանդիսատեսի հետ մեր հանդիպմանը», -նշել է երգչախմբի դիրիժոր Ռիմեր Ինգեր Մետտեն:
«Վոքս Վիվա» երգչախումբը ստեղծվել է որպես տղաների երգչախումբ, դանիական Նեստվեդ քաղաքի երաժշտական դպրոցում: Մինչ օրս այն ղեկավարում է Մետտե Ռիմերը: Երգացանկում ընդգրկված են հոգևոր և աշխարհիկ երգեր, դանիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, սկանդինավյան երգեր ու բալլադներ, որոնք կատարվում են դանիերեն, շվեդերեն, գերմաներեն, անգլերեն, իսպաներեն և հայերեն: «Վոքս Վիվան» Դանիայում մասնակցում է տարբեր միջոցառումների ու համերգների, ինչպես նաև եկեղեցու կողմից կազմակերպված հարսանեկան, ծնդդյան արարողությունների և հիշատակի այլ օրերի: Քանի որ համույթի անդամներից մեկը ծնվել է Հայաստանում, ապա երգչախումբն ուրախությամբ է ընդունել Հայաստանը ճանաչելու հնարավորութունը և սկսել հայաստանյան համերգային շրջագայությունը` դրանով իսկ նոր ազդակ հաղորդելով Հայաստան-Դանիա մշակութային համագործակցությանը: Այդ շրջանակներում էլ կազմակերպվել են արցախյան համերգները: