Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը, որտեղ քննարկվում էին միգրանտների ներհոսքի զսպմանն ուղղված միջոցառումները, բուլղարա-թուրքական սահմանում փախստականների ու սահմանապահների միջեւ ընդհարումների վերաբերյալ ստացված հաղորդագրություններից հետո։
Բուլղարիայի վարչապետը լքել է ԵՄ-ի գագաթնաժողովը Թուրքիայի հետ սահմանային միջադեպի պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: France 24-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդել է BBC-ն, սահմանապահները փորձել են կանգնեցնել անօրինական միգրանտների բազմությանը, որոնք ցանկանում էին Թուրքիայից անցնել Բուլղարիա: Մի աֆղանցի հրազենային վերքեր է ստացել եւ մահացել հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:
Բուլղարիայի իշխանությունները հայտնում են, որ ամբոխը բաղկացած է եղել շուրջ 50 զինված ու ագրեսիվ աֆղան փախստականներից, որոնք հրաժարվում էին կատարել սահմանապահների հրահանգները:
Սա միգրանտների հետ կապված առաջին աղմկալի միջադեպն է Բուլղարիայի տարածքում, երկիր, որը շատերի համար տարանցիկ կետ է դարձել Արեւմտյան Եվրոպա տանող ճանապարհին:
Սեպտեմբերի վերջին Բուլղարիան խստացրել է օրենքները նրանց դեմ, ովքեր զբաղվում են անօրինական միգրանտների տեղափոխմամբ, Թուրքիայի հետ սահմանում կառուցվել է 260 կիլոմետր երկարությամբ արգելապատնեշ: Բացի այդ, սահմանների պահպանության գործում ներգրավվել են շուրջ երկու հազար զինծառայողներ, ոստիկաններ ու սահմանապահներ։