Academy of Saint Martin in the Fields կամերային նվագախումբը համերգ կունենա Հայաստանում` երաժշտական ղեկավար, մենակատար Ջոշուա Բելի ղեկավարությամբ:
Ջոշուա Բելը համերգ կունենա Հայաստանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փառատոնի մամուլի ծառայության փոխանցմամբ` համերգին կհնչեն Բախի թիվ 2 մի մաժոր Ջութակի կոնցերտը, Ս. Բարբերի Ադաջիոն լարայինների համար, Պ. Ի. Չայկովսկու Սերենադը լարայինների համար, Ա. Պիացոլայի «Բուենոս Այրեսի տարվա չորս եղանակները»:
Academy of Saint Martin in the Fields նվագախումբը հիմնել է Նևիլ Մարիները 1958թ.: Նվագախումբն իր առաջին ելույթն ունեցել է համանուն եկեղեցում` 1959-ի նոյեմբերին։ Իր կենդանի կատարումների և բազմաթիվ ձայնագրությունների միջոցով Academy of Saint Matin in the Fields շատ արագ ձեռք է բերել աննախադեպ միջազգային հեղինակություն՝ իր տարբերվող, մաքուր հնչողությամբ։ Ամեն տարի խումբն աշխատում է դասական երաժշտության ասպարեզի առավել տաղանդավոր մենակատարների և դիրիժորների հետ՝ աշխարհի ամենահեղինակավոր բեմերում կատարելով ահռելի ծավալի սիմֆոնիկ և կամերային երաժշտություն:
Նվագախումբը 2015–2016թթ. համերգաշրջանում երաժշտական տնօրեն Ջոշուա Բելի հետ կիրականացնի համերգներ և միջազգային հյուրախաղեր Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում:
Ջոշուա Բելը դարաշրջանի ամենահայտնի ջութակահարներից է: 2011թ. Ջոշուա Բելը դարձավ Academy of St Martin in the Fields նվագախմբի առաջին երաժշտական տնօրենը` Նևիլ Մարիներից հետո: Լինելով «Սոնի քլասիք» ընկերության բացառիկ արտիստ՝ Բելը ձայնագրել է ավելի
քան 40 ձայնասկավառակ։ Իր առաջին ձայնագրությունը կատարելով 18-ամյա հասակում «Դեկկա»-յի հետ՝ արժանացել է «Գրեմմի», «Հերմես», «Պատեֆոն» և «Էքո քլասիք» մրցանակներին։ Academy of St Martin in the Fields նվագախումբը, Բելի ղեկավարությամբ,առաջին անգամ թողարկել է Բեթհովենի թիվ 4 և 7 սիմֆոնիաները, որը Բիլբորդի ցանկում գրավել է առաջին տեղը: Բելը համագործակցել է բազմաթիվ հեղինակավոր արվեստագետների հետ: