Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բազմիցս ընդգծել է, որ փախստականների հարցը պետք է լուծվի հավասարության հիման վրա, եւ խնդրի միակողմանի լուծում չի կարող լինել:
Բաբայան. Ադրբեջանն ինքն է փակում փախստականների խնդրի լուծման ուղիները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով տարածաշրջան այցի ընթացքում այդ հարցի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:
Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ հայ փախստականները պետք է Ադրբեջան վերադառնալու համար հնարավորություն եւ անվտանգության երաշխիքներ ունենալ: Նույնպիսի իրավունքներ պետք է ունենան նաեւ ադրբեջանցի փախստականները:
«Սա անկյունաքարային մարդասիրական հարցերից է: Սակայն մինչ դրա լուծումը պետք է լուծվեն քաղաքական բոլոր հարցերը»,- նշեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ մարդասիրական հարցերի լուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի, ԼՂՀ-ի կողմից Ադրբեջանի ճանաչումից եւ սահմանների հստակեցումից հետո:
Այդ առիթով Դավիթ Բաբայանն ընդգծեց փախստականների հարցի բռնի լուծման անթույլատրելիությունը: «Դա շատ նուրբ հարց է: Ադրբեջանում պետական մակարդակով հայատյացության քաղաքականություն է տարվում: Դա փակում է հայերի վերադարձի ճանապարհը: Փաստորեն, Ադրբեջանի քաղաքականությունը փակում է հարցի լուծման ուղիները»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը: