ՀՀ պաշտպանության նախարարի հրավերով նոյեմբերի 18-19-ը Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի նախագահի տեղակալ, ՀԱՊԿ երկրներում ռազմատնտեսական համագործակցության հարցերով ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի խորհրդի նախագահ Օլեգ Բոչկարյովի գլխավորած պատվիրակությունը
Ռուս մասնագետները ծանոթացել են Հայաստանի մի շարք ռազմարդյունաբերական համալիրների գործունեությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այցի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրին ծանոթանալը, համագործակցության նոր եզրեր գտնելը՝ հետագայում համատեղ նոր ձեռնարկություններ ստեղծելու համար:
Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է ՀՀ մի շարք ռազմարդյունաբերական ձեռնարկությունների գործունեությանը, մասնավորապես, «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ, «Պատնեշ» ՓԲԸ, «Գառնի լեռ» ՓԲԸ, «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ և «ԼՏ Պիրկալ» ՓԲԸ:
Այցի ընթացքում Օլեգ Բոչկարյովին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը: