Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Իրաքում ՀՀ նորանշանակ դեսպան Կարեն Գրիգորյանին:
Հայաստանն Իրաք կարող է արտահանել ոչխարի միս, թարմ պտուղ-բանջարեղեն, կարտոֆիլ, հանքային ու խմելու ջրեր
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Իրաքում ՀՀ նորանշանակ դեսպան Կարեն Գրիգորյանին. Վերջինս Իրաք մեկնելուց առաջ ցանկանում էր որոշակիացնել հետագա համագործակցության ընդլայնումը՝ հայ-իրաքյան միջպետական կապերի շրջանակներում երկու երկրների գյուղատնտեսության ոլորտների առավել իրատեսական ուղղությունների մասով:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ՀՀ Գյուղնախարարության մամուլի ծառայությունից՝ որ շնորհավորելով դեսպանին բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի եւ Իրաքի գյուղատնտեսության նախարարությունների միջեւ առկա կապերը եւ նշել, որ ոլորտը ունի զարգացման եւ ընդլայնման մեծ ներուժ: Նախարարը մասնավորապես առանձնացրել է Հայաստանից Իրաք ոչխարի միս, թարմ պտուղ-բանջարեղեն, կարտոֆիլ, հանքային եւ խմելու ջրեր, բնական հյութեր եւ բանջարեղենային պահածոներ արտահանելու հնարավորությունը:
Դեսպան Կարեն Գրիգորյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ներկայացված տեղեկատվության համար, պատրաստակամություն է հայտնել իրաքյան կողմի հետ տեղում առավել մանրամասնորեն քննարկել հիշատակված ոլորտներում համագործակցության իրականացման հնարավորությունը, բարենպաստ պայմաններ ստեղծելով արտահանումների ապահովման համար: