Արցախի վիքի ակումբն իր գործունեությունը սկսել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 15-ից:
Արցախում բացվել է վիքիպեդիայի ակումբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի վիքի ակումբի համակարգող Իրինա Սաֆարյանը նշել է, որ ակումբ կարող են հաճախել բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակության:
«Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, որից կարող են օգտվել բոլորը: Արցախում գործող վիքի ակումբի հիմնական նպատակն է ԼՂՀ-ի մասին գրել ավելի շատ հոդվածներ, քանի որ Արցախի մասին տեղեկությունները հայկական վիքիպեդիայում քիչ են: Հոդվածներ գրելիս օգտվում ենք գրքերից ու պետական-պաշտոնական կայքերից: Ներկա դրությամբ Արցախի մասին ունենք մոտ 100 հոդված»,-նշել է Ի. Սաֆարյան և հավելել, որ իրենք մոտ 10-15 ակտիվ խմբագիրներ ունեն, խմբագրական աշխատանքներին էլ մասնակցում է 30 խմբագիր:
Ի. Սաֆարյանի խոսքով` իրենք չունեն վիքիպեդիայի գրասենյակ. դա է պատճառը, որ խմբագրողների քանակը քիչ է:
«Առաջիկայում պատրաստվում ենք Արցախի շրջաններում և համայնքներում նոր մասնաճյուղեր բացել՝ այդ ուղղությամբ աշակերտների հետ ևս աշխատանքներ տանելու համար: Նախընտրելի է ավելի շատ դպրոցականներ ներգրավել, քանի որ ծրագիրն ավելի գիտակրթական է: Վիքի խմբագիրները աշխատանքներին զուգահեռ զբաղվում են նաև թարգմանություններով. այն նպաստում է խմբագրողների ինտելեկտի բարձրացմանը,-ավելացրել է Ի. Սաֆարյանը և ընդգծել,- կարծում եմ՝ այս ծրագիրը, հավուր պատշաճի ներկայացնելու դեպքում, լուրջ հաջողությունների ենք հասնելու: Իմ կարծիքով, Արցախի ինքնության ճանաչման գործընթացում սա ևս մի քայլ է:
Ի դեպ, լավագույն հոդվածներն էլ թարգմանվելու են այլ լեզուներով: Ցանկալի, որ բոլոր արցախցիները մեկ ամսվա ընթացքում Արցախի մասին գոնե մեկական հոդված գրեն»:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Ի. Սաֆարյանը նշել է նաև, որ յուրաքանչյուր ամիսը մեկ 3 օրով իրենք մեկնելու են Աղվերան՝ մասնակցելու համար փորձառու վիքի խմբագիրների կազմակերպած դասընթացներին:
«Դասընթացների ժամանակ կատարվում է փորձի փոխանակում , որը նպաստում է սկսնակ խմբագիրների կայանալուն: Յուրաքանչյուր համայնքից վիքի դասընթացներին մասնակցում է 4-5 խմբագիր»,-ավելացրել է Ի. Սաֆարյաը` մանրամասնելով, որ տարեկան երկու անգամ՝ ամռանը և ձմռանը, կազմակերպվում է վիքի ճամբար, որին ՀՀ բոլոր մարզերից, Արցախից և Սփյուռքից մասնակցում է ավելի քան 100 խմբագիր:
Ստեփանակերտի վիքի ակումբի ակտիվ խմբագիր Անժելիկա Զաքարյանը, ով ակումբ է հաճախում բացման օրվանից, ասել է. «Թարգմանություններ և խմբագրական աշխատանքներ կատարելիս մենք, լրացուցիչ տեղեկություններ ստանալով, բազմակաղմանի ենք ծանոթանում նյութերին, բարձրացնում մեր ինտելեկտը»: