Նախօրեին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը ծխախոտի մշակությամբ զբաղվող տնտեսվարողների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:
Արցախում ծխախոտագործության զարգացման համար կտրվի պետական հավելյալ աջակցություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ գյուղնախարարության մամլո ծառայությունից, ամփոփելով անցնող տարում ոլորտում արձանագրված արդյունքները՝ գյուղնախարարը նշել է, որ, հաշվի առնելով ծխախոտագործության նկատմամբ բնակիչների կողմից աճող հետաքրքրությունը, կառավարությունը այդ ուղղությամբ աջակցության նոր մեթոդներ կկիրառի:
«Մասնավորապես՝ եկող տարվանից յուրաքանչյուր կիլոգրամ ծխախոտի հումքի համար տնտեսվարողները՝ որպես պետական աջակցություն, հավելյալ կստանանան 10-15 դրամ»,- ասել է Մխոյանը և հավելել, որ պետական աջակցությամբ տնտեսվարողներին հնարավորություն կտրվի նաև ցանկության դեպքում կիրառել կաթիլային ոռոգման մեթոդը:
Գյուղնախարարի խոսքով, ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում, որպեսզի ծխախոտ մշակվող տարածքներում արտեզյան ջրհորների միջոցով ապահովվի ոռոգումը:
Հանդիպմանը ներկա «Մասիս Տոբակո» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Թադևոսյանը, պատասխանելով ծխախոտագործներին հուզող հարցերին, իր հերթին շնորհակալություն է հայտնել Արցախում ծխախոտի մշակման ուղղությամբ պետական հոգածության համար:
Նա նշել է, որ ընկերությունը պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը և շարունակել ակտիվ ներդրումներ կատարել ոլորտի զարգացման ուղղությամբ: