Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Non-Stop համերգաշարի հերթական անակնկալը` Mosfilm Non-Stop-ը կգրավի ոչ միայն ավագ սերնդին, այլ «Մոսֆիլմի» կինոնկարների որոշ դրվագներ նույնիսկ անգիր իմացող ու որպես թևավոր խոսքեր մեջբերող երիտասարդներին:
Մոսֆիլմի սիրված կինոնկարների երաժշտությունը` մեկ համերգում. Mosfilm Non-Stop
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում երիտասարդական նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը տեղեկացրեց, որ նախագծի անդրանիկ համերգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
«Փորձերը շատ լավ են անցել: Այժմ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Նովոսիբիրսկում է, նա Չայկովսկու անվան միջազգային մրցույթում ժյուրիի անդամ է: Այս պահին նվագախումբն անցկացնում է խմբակային փորձեր: Դիրիժորը կվերադառնա և կսկսենք փորձերը համերգասրահում: Կարծում եմ, որ հանդիսատեսին հաճելի անակնկալ է սպասվում: Մեր կողմից սիրված ֆիլմերի երաժշտությունը ներառված է ծրագրում: Ներկայացվելու է «Ճակատագրի հեգնանքը», «Հաջողության ջենթլմենները», «Միմինո», «Ծառայողական սիրավեպ» և այլ ֆիլմերի երաժշտություն»,-ընդգծեց Աննա Տեր-Հովակիմյանը:
Բացի այդ, դեկտեմբերի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կրկին կներկայացվի Hollywood Non-Stop-ը:
«Հանդիսատեսի կողմից ոչ թե խնդրանքներ էին, այլ պահանջներ, որ Hollywood Non-Stop-ը կրկնվի, այդ իսկ պատճառով նորից է ներկայացվելու, փոքր-ինչ լրացումներ կլինեն: Սպասում եմ, որ այս երկու օրերին հանդիսատեսը կստանա մեծ բավականություն և լավ տրամադրությամբ կհեռանա համերգասրահից»,-ընդգծեց նա:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Non-Stop համերգաշարը մեկնարկեց 2012թ. Hollywood Non-Stop նախագծով, որը սիրվեց հանդիսատեսի կողմից՝ հավաքելով երաժշտասերների մեծ լսարան։ Այնուհետև նվագախումբը հանդես է եկել Cartoon Non-stop համերգաշարով, որի ընթացքում հնչել են հայտնի մուլտֆիլմերի սաունդթրեքները: Նախորդ տարի Երիտասարդականը ներկայացրել է Hayfilm Non-stop, որի ընթացքում հնչել է հայկական ֆիլմերի երաժշտություն: Դրան զուգահեռ` բոլոր համերգներին էկրանին ներկայացվել են հատվածներ կինոնկարներից: