Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Տարեկ Իբրահիմ Մուհամմադ Մաաթին դեկտեմբերի 23-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Եգիպտոսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտներ, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Եգիպտոսի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում: Էդվարդ Նալբանդյանը դեսպան Մաաթիին հաջողություն է մաղթել իր առաքելությունում:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Եգիպտոսի դեսպանն իր հերթին շեշտել է, որ Եգիպտոսը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների առավել սերտացմանը և համագործակցության զարգացմանը:
Հայաստանի արտգործնախարարը և Եգիպտոսի դեսպանն անդրադարձել են հայ-եգիպտական փոխգործակցության օրակարգային հարցերին: Նրանք կարևորել են գալիք տարի հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստի գումարումը Երևանում: Երկուստեք նշվել է Եգիպտոսի հայ համայնքի կապող դերը երկու երկրների և ժողովուրդների միջև:
Նախարար Նալբանդյանը և դեսպան Մաաթին մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, քննարկել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Կողմերը համակարծիք էին, որ հրամայական է միջազգային ջանքերի համախմբումը՝ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքար մղելու համար: