Հունվարի 1-ին Ստեփանակերտ քաղաքի Ենիկալոպովի փողոցի 5 տան բնակիչ (Օբուվնի թաղամաս), 1968թ. ծնված Ռաֆայել Եսայանը ոստիկանության քաղվարչություն է դիմել այն մասին, որ 2015թ.-ի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, որդին` 1996թ. ծնված Դավիթ Եսայանը (բն. է նույն հասցեում) տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Դավիթ Եսայանը պարզվում է կորել էր նաև մեկ տարի առաջ. որոնման աշխատանքներին անդրադարձել է նրա հայրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ոստիկանության պաշտոնական կայքը: Դեպքի առթիվ «Արցախպրես»-ի թղթակիցը հեռախոսազրույց է ունեցել կորածի հոր՝ Ռաֆայել Եսայանի հետ:
Պարզվում է Դավիթ Եսայանը երկու տարի առաջ զորակոչվել է Պաշտպանության բանակ, սակայն մի քանի ամիս անց նրա մոտ ի հայտ են եկել շիզոֆրենիայի հատկանիշներ, և այդ հիվանդության ախտորոշմամբ ծառայության վեցերորդ ամսում նա զորացրվել է: «Որդիս, ընդհանուր առմամբ, կայուն հոգեվիճակ ունի, բայց մեկ-մեկ նրա մոտ հիվանդությանը բնորոշ նոպաներ են լինում: Նա հաշվառված է Ստեփանակերտի հոգեբուժական դիսպանսերում»,- ասաց Ռ. Եսայանը՝ հավելելով, որ մոտավորապես մեկ տարի առաջ նա կրկին անհետացել էր և մեկ օր հետո հայտնաբերվել քաղաքի հյուրանոցներից մեկում:
Ռաֆայել Եսայանի խոսքով, դեկտեմբերի 30-ից սկսած՝ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ միասին քուն ու դադար չունեն, փնտրում են քաղաքով մեկ, և խնդրում է համաքաղաքացիներին, բոլորին, ովքեր տեսել են, կամ կտեսնեն որդուն, անմիջապես հայտնեն ոստիկանությանը: Եսայանը նաև նշեց, որ դժգոհության լուրջ շարժառիթ ունի. «Որդուս մոտ հեռախոս կա, որը հիմա անհասանելի է, սակայն ես գիտեմ, որ համապատասխան միջոցներ ձեռնարկելու միջոցով հնարավոր է ավելի արագ գտնել նրան, բայց արձակուրդային օրերի պատճառաբանությամբ դա չի արվում, բայց չէ որ մարդու կյանքի մասին է խոսքը...»:
Հավելյալ հիշեցնենք, որ Դավիթ Ռաֆայելի Եսայանին տեսնողներին, կամ գտնվելու վայրն իմացողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 համարին: Զանգահարել կարող եք նաև 097 10 00 14 հեռախոսահամարով: