Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան հիշել է Սպիտակ տան հնգամյա վաղեմության «վրիպումների» մասին:
Բրայզան հիշել է ԱՄՆ-ի հնգամյա վաղեմության վրիպումների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «2010 թ. Վաշինգթոնում միջուկային անվտանգության թեմայով գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին չհրավիրելը Սպիտակ տան անփույթ աշխատանքի հետեւանքն էր»,- հայտնել է Բրայզան, փոխանցում է haqqin.az –ը՝ վկայակոչելով «Կովկասի լրաբերը»:
«Կարող եմ ասել, որ ԱՄՆ –ն մեծ սխալ է գործել, 2010 թ. նախագահ Իլհամ Ալիեւին չհրավիրելով միջուկային անվտանգության հարցերով Բարաք Օբամայի կազմակերպած առաջին գագաթնաժողովին, չնայած Հայաստանի ու Վրաստանի նախագահները հրավիրված էին: Այդ դիվանագիտական վրիպակը Սպիտակ տան անփույթ աշխատանքի հետեւանքն էր»,- ճշգրտել է նա:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հրավիրել է մասնակցելու Վաշինգթոնում կայանալիք միջուկային անվտանգության թեմայով չորրորդ գագաթնաժողովին: Այս մասին նախօրեին իր Twitter –յան միկրոբլոգում գրել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: