Հունվարի 22-23-ը Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարարին առընթեր զարգացման եւ ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Աննիկ Ժիրարդենը:
Հայաստան կայցելի Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ օգտվելով առիթից՝ պետքարտուղարը կողջունի Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ֆրանկոֆոն միջազգային համայնքում, ինչպես նաեւ անցած տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոն նախարարների 31-րդ համաժողովի կազմակերպումը Երեւանում:
Պետքարտուղարը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ:
Վաղը Աննիկ Ժիրարդենը կայցելի Հայաստանում ֆրանսիական համալսարան, ուր մտքեր կփոխանակի համալսարանի ուսանողների հետ, ինչպես նաեւ կհանդիպի Հայաստանի ֆրանսախոս գործիչների հետ:
Շաբաթ օրը տիկին Ժիրարդենը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, որտեղ տեղի կունենա նրա ճեպազրույցը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: