Ադրբեջանական բանտում գտնվող հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովան ընդունել է հանրահայտ իրավապաշտպան Ամալ Քլունիի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում որպես իր պաշտպան հանդես գալու առաջարկը։
Խադիջա Իսմայիլովան ընդունել է Ամալ Քլունիի՝ իրեն ՄԻԵԴ-ում ներկայացնելու առաջարկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «Ազատությունը»։
Իր հայտարարությունում Խադիջա Իսմայլովան ողջունել է Քլունիի «համարձակությունը»։
Երեքշաբթի փաստաբան Ամալ Քլունին Ամերիկյան NBC հեռուստաընկերության եթերում պատրաստակամություն էր հայտնել Եվրոպական դատարանում պաշտպանել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող, 7.5 տարվա ազատազրկման բանտարկված Խադիջա Իսմայիլովայի իրավունքները: Ամալ Քլունին հատուկ ընդգծել է փաստը, որ Իսմայիլովայի ննջարանում թաքնված տեսախցիկ էին տեղադրել, հետո հրապարակել լուսանկարներ: «Նա համարձակ կին է և հիմա, ցավոք, ճաղերի հետևում է», - ասել էր Քլունին:
Ամալ Քլունիին «հայուհի» հռչակած Ադրբեջանում այս առնչությամբ բուռն քննարկումներ են ընթանում. ադրբեջանական հանրության մի հատվածը պնդում է, թե հայտնի փաստաբանը, ով իբր «հայտնի է իր թուրքաֆոբ հայացքներով», Խադիջայի գործում ներգրավվում է հայկական լոբբիի ջանքերով։
Իսմայիլովայի պաշտպան Ֆարիզ Նամազլին հայտարարել է, որ իր պաշտպանյալը համաձայնել է ընդունել Քլունիի առաջարկը՝ նրա խիզախության համար, որը իրավաբանը դրսևորել էր՝ պաշտպանելով 2014 թվականին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության լրագրող Մուհամմադ Ֆագմիին, երբ նա Եգիպոսում բանտարկված էր։