ԵԱՀԿ Մինսկի խումբը մեզ համար ամենարդյունավետ աշխատող միջազգային կառույցներից մեկն է:
Մենք երախտապարտ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, բայց դա չի նշանակում, որ մեր բախտը կախված է իրենցից. Բակո Սահակյան
ԵԱՀԿ Մինսկի խումբը մեզ համար ամենարդյունավետ աշխատող միջազգային կառույցներից մեկն է: Այս տարիների ընթացքում, որ մենք խուսափել ենք ռազմական գործողություններից ,այդ աշխատանքը նաև այդ խմբինն է: Բայց սա ամենևին չի նշանակում, որ մեր բախտը կախված է ՄԽ-ից, և մենք ի վիճակի չենք ապահովել մեր երկրի անվտանգությունը:
Այս մասին, «Արցախպրես»-ի հաղորդմամբ, հուլիսի 30-ին ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ իրականացվող «Բանակում-2014» հավաքին հյուրընկալվելու ժամանակ Ռազմինֆոյի հարցին ի պատասխան ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
«Կողմերը պիտի երախտապարտ լինեն միջազգային հանրությանը՝ ի դեմս Մինսկի խմբի կատարած աշխատանքի։ Այն, որ Ադրբեջանը հաճախ քննադատում է ՄԽ-ին` նշելով, որ պետք է վերանայել ձևաչափը, կեղծ է: Իրականում նրանք այդպես չեն մտածում, այլ փորձում են խորամանկություն անել: Ադրբեջանի հաջողությունը, բարեկեցության ներկայիս աստիճանը, զարգացող տնտեսությունն անմիջականորեն կախված են այդ խմբի աշխատանքներից: Եվ նրանք (ադրբեջանցիները-հեղ) զուրկ են մարդկային գնահատականներ տալուց»,- նշեց Բակո Սահակյանը:
Նախագահը հավաստիացրեց նաև, որ շարունակելու է իր գործընկերների հետ լինել այնպիսին, ինչպիսին այժմ է:
«Ես երախտապարտ եմ իմ գործընկերներին՝ թեկուզ այն բանի համար, որ մենք ունենք հարաբերական խաղաղություն: Ձեզ հետ միասին ապրում ենք մի այնպիսի երկրում, որն անցել է պատերազմի բովով, հաղթահարել պատերազմական արհավիքները և չեինք ուզենա որ այն կրկնվի»,-վերջում հավելեց Բակո Սահակյանը: