Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հունվարի 25-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանում Է Իտալիա:
Իրանի նախագահը եվրոպական շրջագայությունն սկսում է Իտալիա այցով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս ուղեւորությունը Իսլամական Հանրապետության ղեկավարի համար առաջինը կդառնա իր երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումից հետո:
Ինչպես այցի նախօրեին հաղորդել է Իտալիայի նախագահի դիվանատունը, Սերջո Մատարելան Իրանի իր պաշտոնակցին կընդունի հունվարի 25-ին ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին):
Նույն օրվա երեկոյան Ռոուհանին հանդիպում կունենա Իտալիայի վարչապետ Մատեո Տենցիի հետ: Բացի այդ, այցի առաջին օրը Իրանի նախագահը հանդիպում կունենա Իտալիայի առաջատար ձեռնարկատերերի հետ:
Հունվարի 26-ին Իրանի նախագահին Վատիկանում կընդունի Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Սկզբնապես պլանավորվում էր, որ Ռոուհանին Իտալիա եւ Վատիկան կայցելի նոյեմբերի 14-ին եւ 15-ին: Սակայն նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններից հետո նա հետաձգեց իր այցը Եվրոպա:
Սպասվում է, որ Իտալիայից անմիջապես հետո Ռոուհանին այցով կժամանի Փարիզ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: