Հաշվի առնելով ԶԼՄ-ում տարածված այն տեղեկությանը, ըստ որի Ստեփանակերտի խանութներից գնված հացի մեջ առնետի «կեղտ» է հայտնաբերվել, պարզաբանման խնդրանքով դիմել ենք ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊ ծառայությանը:
Հացի մեջ առնետի «կեղտ»-ի հայտնաբերման վերաբերյալ ՍԱՊԾ-ն նախնական պարզաբանում է տվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ի պատասխան «Արցախպրես»-ի հարցադրմանը Ծառայությունից հայտնեցին, որ, քաղաքացու կողմից տեղեկությունն ուղարկվել է նաև ծառայության Facebook-յան էջին՝ նկարով՝ նշելով նաև արտադրողի անվանումը, որի համաձայն ծառայության տեսուչները իրականացրել են դիտարկում տվյալ արտադրամասում, որի արդյունքներով հակասանիտարական իրավաիճակ չի հայտնաբերվել:
«Նման պարագայում ցանկալի է դիմել ծառայության թեժ գծի հեռախոսահամարով, որպեսզի հնարավորություն ունենանք ստուգել տվյալ թերության նմուշը` բացառելով նաև կեղծ տվյալների հիման վրա տեղեկություններ տարածելը: Տվյալ պարագայում Ծառայությունը որևէ հիմք չունի հայտարարելու, որ սույն նկարում պատկերված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, բայց և միաժամանակ տվյալ փաստը ականադիտական զննման չի ենթարկվել: Կոչ ենք անում նման պարագայում անհապաղ կապվել ծառայության հետ, պահպանելով նաև նմուշը, որի համաձայն կիրականացվի ստուգում և համապատասխան վարչական վարույթ»,- հայտնել են ՍԱՊԾ-ից՝ հավելելով, որ կոնկրետ դեպքի վերաբերյալ տարվում է ուսումնասիրություն և առաջիկայում ավելի հստակ պարզաբանում կտրվի: