Իրանը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ երկխոսության ճանապարհով կարգավորման կողմնակից է:
Իրանը ԼՂ հիմնահարցի՝ երկխոսության ճանապարհով կարգավորման կողմնակից է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: «Մենք միշտ հայտարարել ենք այն մասին, որ այս խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով: Իրանը մշտապես եղել է երկխոսության կողմնակից»,-ասաց դեսպանը՝ իրենց իսկ օրինակը բերելով:
Սեյեդ Քազեմ Սաջադիի խոսքով՝ Միջուկային ծրագրի լուծման հարցում Իրանն ապացուցեց, որ երկխոսության միջոցով հնարավոր է լուծել բազմաթիվ խնդիրներ: «Այդ իսկ պատճառով բոլոր երկրներին կոչ ենք անում առկա խնդիրները լուծել այս միջոցով: Հարաբերությունների լարումը երբեք նախընտրելի չենք համարում, քանի որ դրանք վնասում են բոլոր երկրներին ու ժողովուրդներին»,-հավելեց դեսպանը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: