Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 12-ին հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ:
Էդվարդ Նալբանդյանը վստահ է համատեղ ջանքերով հայ-վրացական հարաբերություններն ընդլայնելու հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շնորհավորելով գործընկերոջը բարեկամ Վրաստանի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-վրացական բարիդրացիական հարաբերություններն առավել կընդլայնվեն ու կխորանան։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ՝ շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ Միխեիլ Ջանելիձեն նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացումը և այդ ուղղությամբ ջանքերի շարունակումը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակեցին տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ, կարևորել բարձրաստիճան փոխայցելությունները, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացումը։
Հայաստանի արտգործնախարարը Վրաստանի ԱԳՆ ղեկավարին հրավիրել է այցելել Երևան։