Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրաժարվել է առաջնահերթության կարգով քննել Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի դիմումները:
ՄԻԵԴ-ը հրաժարվել է առաջնահերթության կարգով քննել Ասկերովի եւ Գուլիեւի դիմումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Trend-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Եվրադատարանում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքի հարցերով բաժնի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով սեկտորի ղեկավար Չինգիզ Ասկերովը:
Սակայն դատարանը հրաժարվել է դիմումը քննել նախադեպի կարգով: Ասկերովի կարծիքով դա վկայում է «նրա կողմնակալության մասին»:
Ասկերովը նաեւ հավելել է, որ Ադրբեջանի կառավարությունը դիմել է Եվրադատարան այդ հարցով, սակայն մինչեւ հիմա պատասխան չի ստացել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով:
Տվյալ անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել, հաղորդում է NEWS.am-ը:
Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ՝ 22 տարվա ազատազրկման: