Ուգանդայում մեկնարկել են նախագահական ու խորհրդարանական ընտրությունները:
Ուգանդայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են սկսվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փորձագետները համարում են, որ 71-ամյա նախագահ Յովերի Մուսեվենին կհաղթի ու կերկարացնի իր 30-ամյա կառավարումը: Ուգանդայում պետության ղեկավարը ընտրվում է 5 տարով ու կարող է վերընտրվել անսահմանափակ անգամ:
35 մլն բնակչություն ունեցող այս արեւելաաֆրիկյան երկրում գրեթե 15.3 մլն ընտրող է գրանցված: Առավոտյան ժամը 7:00-ին բացվել են 28 հազար ընտրատեղամասեր: Իշխանությունները այսօր ոչ աշխատանքային օր են հայտարարել: Ուգանդայի ոստիկանության գլխավոր տեսուչ Կալե Կայիխուրան խոստացել է, որ քվեարկությունը կանցնի առանց լուրջ միջադեպերի: Ընտրությունների խաղաղ անցկացման կոչ է արել Աֆրիկյան միության հանձնաժողովի ղեկավար Նկոսազանա Զդլամինի Զուման, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մուսեվինիից բացի նախագահական ընտրություններին մասնակցում է եւս յոթ թեկնածու: Նախագահի գլխավոր մրցակիցներն են համարվում 59-ամյա Կիզա Բեսիջեն՝ «Ֆորումը հանուն ժողովրդավարական փոփոխությունների» կուսակցությունից ու նախկին վարչապետ 67-ամյա Ամամա Մբաբազին: Ընդ որում Բեսիջեն արդեն երեք անգամ պարտվել է նախագահական ընտրություններում:
Ընտրություններից երեք օր առաջ մայրաքաղաք Կամպալեում ընդհարումներ են եղել Բեսիջեի կողմնակիցների ու ոստիկանության միջեւ: Մի քանի մարդ վնասվածքներ է ստացել: Իսկ նախագահի թեկնածուն ինքը կարճ ժամանակով ձերբակալվել էր ու հետո՝ ազատ արձակվել:
Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ Մուսեվինին կարող է հաղթել արդեն առաջին փուլում՝ հավաքելով 50 տոկոսից քիչ ավելի ձայն: Պետության ղեկավարը հայտնել է, որ իշխանությունից կհեռանա միայն Արեւելյան Աֆրիկայի միավորումից հետո: «Դեյլի մոնիտոր» թերթը հայտնել է, որ Մուսեվինին ուզում է միավորել Բուրոնդին, Կենիան, Ռուանդան, Ուգանդան ու Տանզանիան՝ ստեղծելով միասնկան Արեւելաաֆրիկյան դաշնություն: