ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը Tert.am-ի հետ զրույցում խոսելով ԼՂՀ-ում ևս սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ տեսակետ ասել է, թե Սահմանադրության փոփոխության հարցը ժողովրդի իրավասությունն է, որը կլուծվի միայն ժողովրդի անմիջական կամարտահայտությամբ:
ԼՂՀ–ում Սահմանադրության փոփոխության հարցը կլուծվի միայն ժողովրդի կամարտահայտությամբ. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պատասխանելով հարցին, թե Ղարաբաղի պարագայում խորհրդարանական կառավարման մոդելը արդարացվա՞ծ է համարում, Արարատ Դանիելյանը նշեց, թե կառավարման ձևը համապատասխանում է այս կամ այն պետության պատմական, ազգային, աշխարհագրական առանձնահատկություններին ու քաղաքական մշակույթին:
«Կառավարման խորհրդարանական ձևն ունի և՛ առավելություններ, և՛ թերություններ, որոնց մասին կարելի է անվերջ խոսել: Ինչպես հայտնի է, խորհրդարանական համակարգի հիմքը պառլամենտարիզմն է, ինչը ենթադրում է բոլոր տեսանկյուններից իրավասու, կայացած պառլամենտ»,-ասաց նա:
Ըստ նախարարի՝ որպես կանոն, խորհրդարանական հանրապետությունների կայուն զարգացումն ապահովված է երկարատև խորհրդարանական ավանդույթներ ունեցող երկրներում:
«Համարվում է, որ կառավարման խորհրդարանական ձևի պայմաններում հստակ երևում են պետական քաղաքականության համար պատասխանատվության սահմանները, որը կրում է քաղաքական այն ուժը, որը խորհրդարանում ունի մեծամասնություն և որի առաջնորդը, որպես կանոն, երկրի վարչապետն է»,– ասաց նա:
Մյուս կողմից, ըստ նրա, կառավարման նոր ձև սահմանելու համար անհրաժեշտ են համապատասխան զարգացած քաղաքական և կուսակցական համակարգեր, ժողովրդավարական քաղաքական մշակույթ, խորը արմատավորված սահմանադրա-իրավական ժողովրդավարության ավանդույթներ:
«Խնդիրն այն է, թե որքանով է մեր պետությունը և հասարակությունը համապատասխանում այդ չափանիշներին»,- նշեց նա՝ միաժամանակ շեշտելով, որ անկասկած, կարող են փաստել, որ դրանց ձևավորման գործընթացը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընթանում է անկախության հռչակման պահից:
«Բայց անկախության 25 տարիները, երևի թե, բավարար չեն հասարակության մեջ արմատավորման համար: Անհրաժեշտ է նաև ուսումնասիրել անցյալի փորձը, վերհանել գործող Սահմանադրության բացերը, թերությունները և դրանց տալ օբյեկտիվ գնահատական: Ներկա փուլում, երբ դեռևս չկա կոնկրետ առաջարկություն, նախագիծ, կարծում եմ՝ վաղ է որևէ քաղաքական կանխատեսումներ անել: Անկախ ամենից, Սահմանադրության փոփոխության հարցը ժողովրդի իրավասությունն է, այն կլուծվի միայն ժողովրդի անմիջական կամարտահայտությամբ»,- եզրափակեց նա: