Մարտի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որը վարել է ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Հաշվապահների որակավորման կարգում լրացումներ ու փոփոխություններ են մտցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է մտցրել ԱՀ կառավարության 2004 թվականի մայիսի 26-ի, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգը հաստատելու մասին» N 201 որոշման մեջ:
Ներկայացնելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը՝ ԱՀ ֆինանսների փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ այն պայմանավորված է հաշվապահների որակավորման ոլորտը կարգավորող իրավական դաշտի պարզեցման և հստակեցման անհրաժեշտությամբ: «Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից շնորհված որակավորում ունեցող անձանց որակավորման վկայականներ տրամադրել առանց քննության, կրճատել որակավորման հանձնաժողովի առանձին գործառույթների կատարման ժամկետները, նախատեսել որակավորում ստանալու համար հայտատուների կողմից ներկայացվող դիմումի և կից փաստաթղթերի` էլեկտրոնային եղանակով ներկայացման հնարավորություն, հաստատել ներկայացվող դիմումների օրինակելի ձևերը, ինչպես նաև կատարել խմբագրական բնույթի որոշակի փոփոխություններ»,- ասել է Գ. Մարտիրոսյանը: