Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում փետրվարի 28-ին տեղի են ունեցել 1988թ. Սումգայիթի հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Աջարիայի հայ համայնքի, ինչպես նաև Ա.Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնի համատեղ ջանքերով:
Բաթումում կայացել է Սումգայիթում հայերի ջարդերին նվիրված սեմինար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ` Սուրբ պատարագից հետո աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանի և հոգևորական դասի կողմից անցկացվել է սումգայիթյան ջարդերի հարյուրավոր զոհերի ոգեկոչման կարգ, որին հաջորդել է եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ պսակի զետեղման արարողությունը: Այնուհետ Ա.Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնում տեղի է ունեցել սումգայիթյան ողբերգությանը նվիրված սեմինար, որը կազմակերպվել էր կիրակնօրյա դպրոցի և Կենտրոնին կից գեղագիտական խմբակի ջանքերով:
Իր հովվապետական խոսքում Տեր Արարատը անդրադարձել է սումգայիթյան ոճրագործությանը, նրա հետևանքների և զոհերի հիշատակը միշտ վառ պահելու անհրաժեշտությանը:
Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է սումգայիթյան ողբերգական իրադարձություններին, խոսել հարևան Ադրբեջանի վարած ապակառուցողական քաղաքականության մասին: