Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում:
Սեյրան Օհանյանը ներկա փուլում քիչ հավանական է համարում պատերազմի վերսկսումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում գիտնականների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով պատերազմի վերսկսման հնարավորության վերաբերյալ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հարցին: «Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության տարած աշխատանքի հիմքում ընկած է հարցի քաղաքական, խաղաղ, երկխոսության միջոցով կարգավորումը: Դրա հիմքում պետք է ընկած լինեն վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ տարվող քայլերը և փոխադարձ համաձայնությունները»,- նշեց Օհանյանը:
Նախարարը ցավով նշեց, որ հակառակորդը չի ցանկանում կառուցողական աշխատանք տանել, չի ցանկանում վստահության մեխանիզմներ ձևավորել, զերծ մնալ առաջին գծում տարբեր խախտումներից, չխախտել հրադադարը, դիվերսիոն գործողություններ չիրականացնել: «Ադրբեջանը մերժում է նաև հրադադարի խախտումների միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկները: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը հետևողականորեն լարում է իրավիճակը՝ ունենալով երկրի ներսում քաղաքական նպատակներ, ինչպես նաև քաղաքական միակողմանի նպատակներ միջազգային ասպարեզում՝ չհասկանալով, որ մենք չենք վախենում: Ինչպես ասել է հանրապետության նախագահը, մենք պատերազմից վախենում ենք, սակայն կռվելուց չենք վախենում: Այսինքն, մենք պատրաստ ենք մեր երկիրը, ինչպես նաև մեր երկրի սուրբ մաս հանդիսացող Արցախը պաշտպանել»,- նշեց Սեյրան Օհանյանը:
Նա հավելեց, որ նման իրականության մեջ ՀՀ պաշտպանության նախարարությունն ամեն օր է պատրաստվում պատերազմի: «Բայց ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, միջազգային և տարածաշրջանային զարգացումներն այսօր նրա մասին չեն խոսում, որ կարող են լայնամասշտաբ մարտական գործողություններ ծավալվել, որովհետև մենք էլ մեր հերթին ամեն ինչ անում ենք հակառակորդի նկրտումները զսպելու համար: Եթե լինեն մարտական գործողություններ, ինչ արած, մենք անկասկած պետք է պաշտպանենք մեր հայրենիքը»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը: