ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 2-ին վավերացրել է քրիստոնյա եւ այլ փոքրամասնությունների դեմ «Իսլամական պետության» ոճիրները ցեղասպանություն որակող թիվ 75 բանաձեւը, որտեղ ներառված են նաեւ հայերի դեմ ոճիրներն ու հալածանքը:
ԱՄՆ Կոնգրեսի բանաձեւում ԻՊ-ի գործողությունները որակվել են որպես ցեղասպանություն, որտեղ նշվել են նաեւ հայերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է այս քայլը՝ միաժամանակ կոչ ընելով Կոնգրեսին վավերացնել այդ բանաձեւը, իսկ նախագահ Բարաք Օբամային՝ որ ստորագրի այն, հաղորդում է «Ասպարեզը»:
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, որի առաջարկով է հայերի անունը ներառվել ցեղասպանության ենթարկված ժողովուրդների ցանկում, Հանձնաժողովի նիստում կոչ է արել կոնգրեսականներին վավերացնել բանաձեւը:
Կոնգրեսական Դեյվիդ Թրոթն էլ նշել է, որ անցյալ տարի եղել է Հայաստանում եւ ականատես եղել, թե ցեղասպանության անտեսումը ինչ վատ հետեւանքներ կարող է ունենալ։ «Մինչ օրս չենք կարողացել ապահովել Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ այդ պատճառով կոչ եմ անում իմ պաշտոնակիցներին այս անգամ չկրկնել նույն սխալը»,-ասել է Թրոթը:
Նշենք, որ այս բանաձեւը նախաձեռնել են կոնգրեսականներ Ջեֆ Ֆորթընփերին եւ Աննա Իշուին, որն այս պահի դրությամբ ունի 200 աջակից։
Հայ եւ ասորի նախնիների զավակ Աննա Իշուն նշել է, որ բանաձեւը հույժ կարեւոր է իր համար, որովհետեւ այս օրերին ականատես է լինում իր ընտանիքի պատմության կրկնության: Նա հավելել է, որ բանաձեւը պետք է արագ վավերացվի, որպեսզի ապագա սերունդները ներկա Կոնգրեսի մասին չասեն, թե ձեռքերը ծալել ու ոչինչ չի արել տեղի ունեցող ոճրագործությունների հետ կապված:
Բանաձեւում, մասնավորապես, ասվում է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները ջարդեր են իրականացնում Սիրիայի եւ Իրաքի էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների` ասորիների, հայերի, քաղդեացիների, ինչպես նաեւ եզդիների հանդեպ: «Քրիստոնյաների, եզդիների եւ այլ էթնիկ փոքրամասնությունների սպանդը պատերազմական հանցագործություն է, ոճիր մարդկության դեմ եւ ցեղասպանություն»,-ասված է փաստաթղթում: