Ռուսաստանի Դաշնության պետքարտուղար, փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը այսօր կժամանի Բաքու` քննարկելու տարբեր մակարդակներում երկկողմանի շփումների հեռանկարները, Հարավային Կովկասի խնդիրները:
ՌԴ փոխարտգործնախարար Կարասինը մեկնում է Բաքու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ծրագրում ենք աշխատանքային հանդիպում Ադրբեջանի արտգործնախարարության ղեկավարության հետ: Մենք լայն օրակարգ ունենք, երկկողմանի շփումներ, շատ հարցեր: Կքննարկենք տարբեր մակարդակներում երկկողմանի հանդիպումների հեռանկարները, տարածաշրջանային հարցերը, Հարավային Կովկասի խնդիրները: Խոսելու շատ բան կա», -ասել է նա:
Բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Բաքվում օրակարգը չի նմանվում մարտի 2-ին փոխարտգործնախարարների մակարդակով Թեհրանում անցկացված խորհրդակցություններին:
«Դա բացարձակապես առանձին հանդիպում է, այն հարցերի շուրջ խորհրդակցություն է, որոնք վերաբերում են արտաքին քաղաքական ոլորտում ռուսաստանա-ադրբեջանական փոխգործակցթյանը», -հայտնել է նա:
Միաժամանակ Կարասինը հավելել է, որ մտադիր է ադրբեջանական կողմի ներկակայացուցիչներին կարճ պատմել Թեհրանում հանդիպման արդյունքների մասին:
«Բնական է, համառոտ կպատմեմ, թե ինչի մասին ենք խոսել Թեհրանում: Մենք մեր գործընկերների համար միանգամայն տրանսպարենտ ենք աշխատում, լինի դա Ադրբեջանը, Իրանը, այլ երկրներ», -հավելել է նա:
Գրիգորի Կարասինը նաեւ հայտնել է, որ «կասպյան հնգյակի» երկրների (Ռուսաստան, Իրան, Ղազախստան, Թուրքմենստան, Ադրբեջան) արտգործնախարարների հանդիպումը ծրագրվում է անցկացնել «ամռանը մոտ»: