Այսօր Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը:
Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է Շուշիի հումանիտար քոլեջի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է քոլեջի տնօրեն Ջիվան Հայրապետյանը ցուցահանդեսում ներկայացվել են «Զարդարային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ» ու «Դիզայն » բաժինների 39 ուսանողի մոտ 200 աշխատանք՝ գոբելեն, կավե սպասք, ազգային զարդանախշերով գորգեր, գեղանկարներ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Ա. Խաչատրյանի որդին՝ Ալբերտ Խաչատրյանը, ով իր խոսքում կարևորել է ուսանողական ցուցահանդեսի բացումը Ստեփանակերտում: «Այս ցուցահանդեսի կազմակերպումը վկայում է այն մասին, որ քոլեջի ուսանողներն իրենց ներդրումն ունեն ոչ միայն Շուշիի արհեստների ու արվեստների, այլ նաև ազգային մշակույթի զարգացման գործում»,-ասել է Ալբերտ Խաչատրյանը:
Իր խոսքում ԼՂՀ կրթության գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանը նշել է, որ վերջին տարիներին Արցախում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը զուգահեռ առաջընթաց է գրանցվել նաև զարդակիրառական արվեստի ոլորտում: Փոխնախարարի խոսքով այդ գործում իր ուրույն ներդրումն ունի Շուշիի Ա. Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջը: Արդեն մի քանի անգամ մասնակցել եմ քոլեջի ուսանողների աշխատանքների ներկայացմանը: Առավել ուրախալի է այն, որ ոչ թե տարեցտարի մեծանում է ուսանողների աշխատանքները ներկայացնող ցուցահանդեսների թիվը, այլև տարեցտարի կատարելագործվում նոր որակներ են ձեքբերում ներկայացվող գործերը»,- ասել է ԿԳՍ փոխնախարարը՝ հավելելով, որ ներկայացված աշխատանքներից ուշագրավ են հատկապես կավից պատրաստված իրերը, որոնք խոսում են Արցախում զարդակիրառական արվեստի այդ ուղղությունը նույնպես նոր վերելք է ապրում:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին քոլեջի դասախոսներ, ուսանողներ, կրթության, գիտության և սպորտի նախարարության ներկայացուցիչներ և արվեստասեր հասարակություն: