ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել խաղաղապահ առաքելությունների ու օտարերկրյա կոնտինգենտի անձնակազմի կողմից սեռական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի կոշտ միջոցառումների մասին:
ՄԱԿ-ի ԱԽ-ն խաղաղապահների սեռական հանցագործությունների դեմ պայքարի մասին բանաձեւ է ընդունել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փաստաթուղթը, որը պատրաստել է ԱՄՆ –ն, արժանացել է ԱԽ 14 անդամների հավանությանը, այդ թվում Ռուսաստանի: Քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել միայն Եգիպտոսը, որը պնդում էր, որ տեքստում փոփոխություններ արվեին, որոնք սակայն չէին հաստատվել:
ԱԽ-ն ՄԱԿ գլխավոր քարտուղարին կոչ է արել այս բանաձեւը անհապաղ գործի դնել ու առաքելությունների կազմից հեռացնել զինվորական կամ ոստիկանական բաժանմունքները, եթե ապացույցներ կան, որ դրանց կողմից սեռական շահագործում կամ ոտնձգություններ են եղել:
Եթե այն երկիրը, որի զինծառայողների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, չի ձեռնարկել որեւէ գործողություն, կամ մեղավորներին պատասխանատվության չի կանչել, ԱԽ անդամների թույլտվությամբ գլխավոր քարտուղարը այդ պետության բոլոր խաղաղապահ ստորաբաժանումները կարող է փոխարինել մեկ այլ երկրի կոնտինգենտով, հայտնում է ՏԱՍՍ-ը: