«Ալ Քաիդան իսլամական Մաղրիբի երկրներում» ահաբեկչական կազմակերպությունն ստանձնել է Քոտ դ՛Իվուարի Գրան-Բասամ առողջարանային քաղաքում կատարված հարձակման պատասխանատվությունը, որի զոհ է դարձել 16 մարդ:
«Ալ Քաիդան» ստանձնել է Քոտ դ՛Իվուարում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով SITE կազմակերպությանը, որն զբաղվում է իսլամիստ զինյալների ակտիվության մոնիթորինգով:
Հրաձգությունը մարտի 13-ի զերեկը տեղի է ունեցել Քոտ դ՛Իվուարի հարավի Գրան-Բասամ առողջարանային քաղաքում: Երկրի ՆԳ նախարար Համեդ Բակայոկոն հայտարարել է, որ ահաբեկիչների հարձակմանն են ենթարկվել երեք հյուրանոցներ, վեց զինյալներ ոչնչացվել են: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ երկրի նախագահ Ալասան Ուատարան հայտարարել է, որ հարձակման զոհ է դարձել 16 մարդ, այդ թվում՝ 14 քաղաքացիական անձինք:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Քոտ դ՛Իվուարում կատարված ահաբեկչական գործողությունները: Գրավոր հայտարարության մեջ նա ցավակցություն է հայտնել «զոհերի ընտանիքներին, ինչպես նաեւ Քոտ դ՛Իվուարի ժողովրդին ու կառավարությանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Պան Գի Մունը նաեւ հավաստել է «այդ հանցագործությունների մեղավորներին արդարադատությանը հանձնելու» աֆրիկյան երկրի բնակիչների ու նրա իշխանությունների ջանքերին աջակցելու վճռականությունը: