Իրանագետ Գոհար Իսկանդարյանը Tert.am-ի հետ զրույցում հավատացրեց, որ որոշակի քննարկումներ այդուհանդերձ Իրանի և Հայաստանի միջև կան, և փորձ արվում է հնարավորությունների շրջանակներում արդյունքներ ունենալ:
Հայաստանը և Իրանը երկուստեք իրականացնում են շուկաների ուսումնասիրություն. իրանագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Երկուստեք իրականացվում է շուկաների ուսումնասիրություն, և դիտարկվում են այն գլխավոր ապրանքները, որոնք շահեկան կլինեն երկու կողմերի համար: Դիցուք 30 անուն ապրանքների վրա տոկոսադրույքը կիջեցնեն, և Հայաստանը կարող է մուտք գործել իրանական շուկա, և իրանական ապրանքների այդ որոշակի քանակը կմտնի հայկական շուկա»,-ասաց նա: Իրանագետը խնդրում է չմոռանալ, որ ՀՀ-ի համար մանևրելու հնարավորությունն ավելի դժվար է երկու պատճառով. նախ կա ԼՂ խնդիր, և մենք արտաքին աշխարհի ելքեր էլ չունենք:
-Տիկի՛ն Իսկանդարյան, Իրանի պատժամիջոցների չեղարկումից սկսած դուք հայտարարում էիք, թե մեծ հնարավորություններ են բացվում Հայաստանի համար: Այսօր ռեալ քայլեր այդքան էլ նկատելի չեն. փոխարենը շատ ակտիվ պայմանավորվածություններ է ձեռք բերում Իրանի հետ ադրբեջանական կողմը: Ըստ Ձեզ՝ այսօր կարելի է ասել, որ այդ հայտարարությունները բարի ցանկությունների դաշտի՞ց են:
-Ես կարծում եմ, որ համենայնդեպս այն, ինչ մենք տեսնում ենք, փորձ է կատարվում հնարավորությունների շրջանակներում իրականացնել: Պետք է դեռ սպասել և տեսնել քայլերն արդյո՞ք արդյունք տալու են, թե դրանք լինելու են հայտարարությունների մակարդակով: Իհարկե ցանկալի է, որ ավելի ակտիվ գործեն, որովհետև եթե պահը բաց են թողնում, արդեն հնարավոր չի հետ բերել: Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ իսկապես կան որոշակի քննարկումներ: Իհարկե Իրանը վարում է պոտենցիոնալիստական քաղաքականություն, այսինքն՝ միշտ էլ դրսի ապրանքները դժվարությամբ են մտել իրանական շուկա, բայց արդեն քայլեր արվում են: Երկուստեք իրականացվում է շուկաների ուսումնասիրություն, և դիտարկվում են այն գլխավոր ապրանքները, որոնք շահեկան կլինեն երկու կողմերի համար: Դիցուք 30 անուն ապրանքների վրա տոկոսադրույքը կիջեցնեն, և Հայաստանը կարող է մուտք գործել իրանական շուկա: Իրանական ապրանքների այդ որոշակի քանակը կմտնի հայկական շուկա, և փոքր-փոքր ծավալներով կիրականացնեն առևտրաշրջանառություն, որովհետև երբ մենք տեսնում ենք ՀՀ- Իրան առևտրաշրջանառության մեծ մասը, դա հենց գազը վերածում ենք էլեկտրաէներգիայի և վերադարձնում ենք նրանց: Այսինքն՝ այս ծավալն է, մնացածը, կարելի է ասել, տոկոս չի կազմում:
-Որոշ փորձագետներ, հաշվի առնելով Իրան-Ադրբեջան, Վրաստանն-Ադրբեջան կոմունիկացիոն և էներգետիկ ոլորտին առնչվող պայմանագրերը, շեշտում են, թե Հայաստանը մեկուսանում է տարածաշրջանային գլոբալ ծրագրերից, համակարծի՞ք եք:
- Հայաստանը չի մեկուսանում և իր հնարավորությունների շրջանակներում փորձում է իրականացնել իր արտաքին քաղաքականությունը, որն իրականացնելու համար անհրաժեշտ են ինչպես ֆինանսներ, որպեսզի կարողանաս այդ ծրագրերը կյանքի կոչել և ոչ թե ապավինես Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ սպասելով արդյո՞ք կկարողանա ներդրումներ անել, թե ոչ: Դիցուք, եթե մենք ունենայինք այդ գումարները, և օրինակ՝ Մեղրու ՀԷԿ-ը մենք կառուցեինք, Իրանն էլ իր կողմից կառուցեր, ավելի արագ հարցերին լուծում կտրվեր, և ոչ թե ամբողջությամբ հույսներս դնեինք իրանական կողմի ֆինանսների վրա: Այսինքն՝ լիներ հավասարը հավասարին, մինչդեռ մենք նստած սպասում ենք, թե Իրանը երբ կունենա ավելորդ գումարներ, որ Հայաստանի տարածքում ներդրում կարողանա իրականացնել: Իմ ասածը սա է, որ ունենք ֆինանսական խնդիրներ, որը մեր ձեռքերը այսպես ասած՝ կապում է:
-Տիկի՛ն Իսկանդարյան, բացի առևտրաշրջանառության համար բանակցվող որոշ ապրանքատեսակների տոկոսադրույքների իջեցման հնարավորությունը, մյուս ավելի մեծ հարցերում կարո՞ղ ենք ասել՝ իրականացման շանսեր չկան, քանի որ օրինակ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար, ըստ նախնական հաշվարկի, շուրջ 3,5 մլրդ դոլար է պահանջում և որի հայթայթումը գրեթե ֆանտաստիկայի ժանրից է, ունենք Նախիջևանով Իրանի հետ կապող երկաթուղի, որը հասկանալի պատճառներով չի բացվի, որովհետև Ադրբեջանը դա թույլ չի տա, իսկ գազատարն ամբողջությամբ հանձնվել է ռուսական կողմին և Իրան-Հայաստան գազամուղն ըստ էության պատկանում է Գազպրոմին, ով շահագրգռված չի լինի իր գազատարով մրցակից Իրանից գազ տալ Վրաստանին:
-Իհարկե չեմ ասի, որ պարտված ենք, մենք ունենք այլ գործառույթներ։ Ճիշտ է՝ երկաթգիծը կանցնի Ադրբեջանի տարածքով, բայց ես կարծում եմ, համոզված եմ, այնուամենայնիվ, որ ցամաքային ճանապարհը կօգտագործի Հայաստանը՝ դիվերսիֆիկացնելու ճանապարհները՝ Հյուսիս-Հարավ միջանցքի միջոցով: Բայց այստեղ էլ մեր ղեկավարությունը պետք է շտապի, որ այդ ճանապարհը կառուցվի՝ հակառակ դեպքում, եթե անցնեն տարիներ, դա արդեն ժամանակավրեպ կլինի և հետաքրքիր չի լինի, որովհետև Իրանը չի սպասելու, նա այլ ուղիներ է փորձելու գտնել դեպի Եվրոպա դուրս գալու համար:
-Այն գնահատականի, որ Իրանը բացվեց, և դա հնարավորություն էր Հայաստանի համար, ճիշտ հակառակ տեսակետն է հնչում՝ երբ որ փակ էր, ՀՀ-ն իրեն հետաքրքրում էր, իսկ երբ բաց է, այլևս չի հետաքրքրում:
-Այսօր էլ է Հայաստանը հետաքրքիր է Իրանին, պարզապես մենք պետք է ակտիվ աշխատենք։ Խնդիրը սա է, մեր պասիվ աշխատաոճը ստիպում է Իրանին կարծել, թե Հայաստանն այնքան էլ հետաքրքրված չէ Իրանով, բայց նաև մեր արտաքին քաղաքականությունը մեծապես կախված է ՌԴ-ից, այսինքն՝ այնպիսի արտաքին քաղաքականություն պետք է վարենք, որը համապատասխանի և՛ Հայաստանի շահերին, և՛ ՌԴ-ին, և՛ Իրանին, որը դժվարացնում է ավելի ազատ գործելուն:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում՝ այսօր Հայաստանն ունի՞ մանևրելու հնարավորություն թե՛ ՌԴ-ի, թե՛ Իրանի, թե՛ Եվրոպայի, և թե՛ Վրաստանի հետ, ինչպես դա լավագույնս ստացվում է հարևան Վրաստանի դեպքում, որը վերջերս բանակցություններ վարեց ՌԴ-ի ու Իրանի հետ, և իրեն շահավետ պայմանագիր կնքեց Ադրբեջանի հետ:
-Մանևրելու հնարավորությունը մեզ մոտ մի փոքր ավելի դժվար է երկու պատճառով։ Նախ, քանի որ ունենք Ղարաբաղի խնդիրը, որը լուծված խնդիր չէ, և սա մեր ձեռքերը կապում է, և երկրորդը՝ մենք արտաքին աշխարհի ելքեր էլ չունենք, ինչպես ունի Վրաստանը, դեպի Սև ծովով դուրս գալ, և այդ առումով էլ մենք հետաքրքիր չենք։ Եթե նայում ենք ՀՀ-ի աշխարհագրական դիրքերին, ավելի տուպիկային իրավիճակ է, Հայաստանից հետո և ուր, այսինքն՝ վերջին կետը չենք, որ մեր տարածքով պետք է անցնի: Բայց դիվանագիտական քաղաքականության շնորհիվ պետք է Վրաստանին համոզենք ինտեգրվել մեր խաղի մեջ, արդյո՞ք դա հարմար կլինի, թե՞ հարմար կլինի ադրբեջանական ուղին։ Սա ևս քննարկումների առարկա է, որը կրկին բարդացնում է ՀՀ արտաքին քաղաքականությունն իրականացնելիս: