ԱՄՆ Գլենդել քաղաքի դպրոցների ղեկավարությունը ցանկանում է ապրիլի 24-ը, որը ոչ ուսումնական է համարվում, տեղական մակարդակով առավել ճանաչելի դարձնել՝ իբրև Հայոց ցեղասպանության հիշատակման օր:
Գլենդելի դպրոցական օրացույցներում կամրագրվի Հայոց ցեղասպանության հիշատակի օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ նպատակով դպրոցների տարածքներում տպագրվող բոլոր օրացույցների վրա ապրիլի 24-ը հատուկ կամրագրվի: Ինչպես հաղորդում է LATimes-ը, այս մասին հայտնել է համայնքային դպրոցական խորհրդի անդամ Գրեգ Գրիգորյանը:
«Դպրոցներում տպագրվող ցանկացած օրացույցում կնշվի Հայոց ցեղասպանության հիշատակման օրը: Այն կամրագրվի»,- ասել է Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ողջունելի է մյուս էթնիկ փոքրամասնությունների մասնակցությունն այդ օրն իրականացվելիք միջոցառումներին:
Խորհրդի անդամներից մյուսը՝ Արմինա Կարապետյանը, նշում է, որ օրվա հստակ ամրագրումը մեծ կարևորություն ունի: «Օրվա անվանումը մեծ արժեք ու նշանակություն ունի մեր ուսանողների, ուսուցիչների, թաղամասի ու ողջ քաղաքի համար»,- ընդգծում է նա:
Գլենդելը դարձել է ԱՄՆ առաջին քաղաքը, որտեղ բոլոր դպրոցները ապրիլի 24-ին փակ կլինեն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Գլենդելի համայնքային դպրոցական խորհուրդը որոշում է կայացրել ապրիլի 24-ը հռչակել «Հայոց ցեղասպանության հիշատակության օր»: