Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Ոտնլվայի խորհրդավոր արարողությունը:
Գարեգին Բ կաթողիկոսը հանդիսապետել է Ոտնլվայի արարողությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ արարողությունը սկսվել է միասնական Տերունական աղոթքով: Այնուհետև Մայր Աթոռի միաբանները կարդացել են օրվա խորհրդին վերաբերող սուրբգրային հատվածները: Ընթերցվել է նաև Հովհաննես Պլուզ վարդապետի կողմից շարադրված «Սիրո մասին» խրատը:
Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է խորանի վրա դրված ջուրն ու յուղը, որից հետո Նորին Սրբությունը, Աստվածորդու օրինակով ծունկի գալով, հոգեպարար շարականների երգեցողության ներքո լվացել ու յուղով օծել է տասներկու անձանց ոտքերը:
Նրանց թվում էին Մայր Աթոռի միաբաններ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սան Հարություն սարկավագ Քեշիշյանը, զինվորներ Սամվել Մինասյանն ու Հրաչ Չոբանյանը, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ Վահագն Գրիգորյանը և Հովհաննես Մուրադյանը, Մայր Աթոռի «Էօռնեկեան» և այլ հանրակրթական դպրոցների աշակերտներ Դավիթ Սարգսյանը, Բայանդուր Հարությունյանը, Ռուբեն Թադևոսյանը, Մելիք Կոնդյանը և Մելիք Մելիքյանը:
Վերջում օրհնված յուղը բաժանվել է հավատացյալներին: