Թուրքական լիբերալ «Cumhuriyet» պարբերականի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարն ու նրա գործընկեր Էրդեմ Գյուլը 2015թ-ի մայիսին հրապարակել են ռեպորտաժ, որում պնդել են, թե թուրքական հատուկ ծառայությունները բեռնատարներով զինամթերք են տեղափոխել Սիրիա:
Թուրք լրագրող. Ես չեմ վախենում Էրդողանից, նա ինձ չի լռեցնի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:panorama.am-ի փոխանցմամբ՝ այս հրապարակումից հետո դատախազությունը նրանց դեմ գործ հարուցեց՝պահանջելով երկու լրագրողների համար ցմահ ազատազրկում: Նրանք մեղադրվում են պետական հեղաշրջում իրականացնելու փորձի, լրտեսության և ահաբեկչությանը աջակցելու մեջ:
Լրագրողների դեմ դատական հայցով հանդես եկավ անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, ինչպես նաև ազգային հետախուզական մարմինը: Երեք ամիս Դյունդարն ու Գյուլը անցկացրեցին անազատության մեջ, մինչև Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ նրանք ազատ արձակվեցին:
Այդուհանդերձ լրագրողների դեմ սկսված դատական գործընթացը նոր է սկսվում:
«Deutsche Welle»-ի հետ հարցազրույցում Ջան Դյունդարը պատմում է, թե ինչու է ակնկալում Եվրոպայի աջակցությունը և չի վախենում թուրքական իշխանություններից;
«Էրդողանը, մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումը, նշեց. «Ես չեմ ճանաչում այս որոշումը, ես չեմ պատրաստվում առաջնորդվել դրանով, իսկ դատարանը չպետք է այսպես վարվի»: Սա ուղղակի միջամտություն է արդարադատության համակարգի գործունեությանը: Այն, որ մենք մինչև դատական գործընթացի սկսվելը երեք ամիս անցկացրեցինք անազատության մեջ, Էրդողանի վրեժն էր: Նա դիմադրության ցանկացած դրսևորում ընկալում է որպես իր անձի դեմ ուղղված գործողություն: Այստեղ նա ուզում էր երկու նպատակի հասնել. Պատժել ինձ ու վախեցնել նրանց, ովքեր կհամարձակվեին նմանատիպ բան անել ապագայում: Երկրորդ նպատակի առումով ոչինչ չեմ կարող ասել, բայց առաջին նպատակին հասնել Էրդողանն ակնհայտորեն չի կարողացել: Նա չկարողացավ լռեցնել ինձ: Ամեն դեպքում ցավով պետք է նշեմ, որ վախը ստիպել է իմ բազմաթիվ կոլեգաների լռել:
Եթե Թուրքիան լիներ իրավական պետություն, գործը լսելու հենց առաջին օրը ես ազատ արձակված կլինեի: Երկրի Սահմանադրական դատարանը հաստատեց, որ բաց հրատարակութունը չի կարող որակվել որպես ահաբեկչություն: Դա ընդամենը լրագրողական գործունեության մի մասն է: Ըստ էության՝ Սահմանադրական դատարանի որոշումը իմաստազրկում է ամբողջ այս դատական գործընթացը: Սակայն, երբ պետության նախագահը կարգադրում է, թե ինչպես պետք է իրենց պահեն դատավորները, երբեք հնարավոր չէ վստահ լինել այն հարցում, թե ինչպիսի դատավճիռ կհրապարակվի արդյունքում: Ուստի լրիվ հնարավոր է, որ մենք նորից կարող ենք ազատազրկվել:
Ամեն դեպքում մենք վաղուց հախթահարել ենք վախը: Եթե վախենում եք ինչ-որ բանից, ապա Թուրքիայում լրագրող աշխատել չեք կարող: Մենք փորձում ենք ռեալ գնահատել իրավիճակը, և եթե ուղիղ նայենք ճշմարտության աչքերի մեջ, ապա հավանականությունը, որ մենք կրկին կհայտնվենք ճաղերի հետևում, կազմում է 50 տոկոս»:
Անդրադառնալով խոսքի ազատության նկատմամբ բռնաճնշումներին և Եվրոպայի վերաբերմունքին՝ թուրք լրագրողը նշում է, թե Եվրոպան հրաժարվել է իր պատմական արժեքներից հանուն այժմեական շահերի:
«Եվրոպան կարծում է, որ եթե գումար տա Թուրքիային ու հետևի, որ այնտեղ ներգաղթյալների համար ճամբարներ կառուցվեն, ապա դրանցով խնդիրը կլուծվի, իսկ Էրդողանն այդ ընթացքում Թուրքիայում կկարողանա անել այն ամենն, ինչ ցանկանա: Բայց Եվրոպան պետք է հասկանա, որ որոշ ժամանակ անց բախվելու է Թուրքիայից եկող քաղաքական փախստականների հսկայական ալիքի հետ»: