Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում մարտի 30-ին կայացել է «Ֆուտբոլը բարեկամության համար» երեխաների չորրորդ միջազգային ծրագրի կոնֆերանսը, որին ներկա են եղել կազմկոմիտեի անդամ Ամինա Կոնուրբաեւան, Հայաստանում ծրագրի իրականացման պատասխանատու, ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը, Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկի» գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը, Միլան մեկնող թիմի ֆուտբոլիստ Ռուբեն Մարտիրոսյանը:
Ժամանակակից ֆուտբոլի հիմքը կազմում է մանկապատանեկան ֆուտբոլը. Վարդան Մինասյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՖՖ կայքի փոխանցմամբ՝ կոնֆերանսից հետո Վարդան Մինասյանը խոսել է մանկապատանեկան ֆուտբոլի կարեւորության մասին․ «Ժամանակակից պրոֆեսիոնալ ֆուտբոլի հիմքը կազմում է մանկապատանեկան ֆուտբոլը: Սա շատ գովելի նախաձեռնություն է եւ շատ կարեւոր՝ հատկապես այն երեխաների համար, որոնք հնարավորություն կունենան շփվել այլ երկրների երեխաների հետ եւ առնչվել եվրոպական ֆուտբոլին»:
Ամինա Կոնուրբաեւան նշել է հետեւյալը․ «Ֆուտբոլը բարեկամության համար ծրագրի աշխարհագրությունն օր-օրի ավելի է ընդլայնվում: Մենք ուրախ ենք, որ Հայաստանը եւս ընդգրկվել է այս ծրագրի շրջանակում: Վստահ ենք, որ հայ պատանի ֆուտբոլիստների ներգրավումը նոր ազդակներ կհաղորդի ծրագրի հետագա իրականացմանը»:
«Ֆուտբոլը բարեկամության համար ծրագիրը» ստեղծվել է Չեմպիոնների լիգայի պաշտոնական հովանավոր «Գազպրոմ» ընկերության կողմից եւ 2016 թվականին ներգրավել է Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի ու Հարավային Ամերիկայի 32 երկրներ: Ծրագրի նպատակն է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, երիտասարդական սպորտի եւ առողջ ապրելակերպի մասսայականացումը, ամբողջ աշխարհում երեխաների մեջ հանդուրժողականության եւ ընկերության սերմանումը: