Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցող բախումների մասին տեղեկանալուց հետո` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը անմիջապես կապ է հաստատել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու հայտնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և իր զորակցությունը Ղարաբաղի քաջարի բանակի նկատմամբ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել ԼՂՀ նախագահին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Բառի ամբողջական իմաստով մենք զորակից ենք Ղարաբաղին, նրա քաջարի բանակին, ժողովուրդին ու պետությանը։ Ղարաբաղի անկախության պաշտպանությունը և հզորացումը մեզ համար սրբազան պարտավորություն է։ Այս օրերին մանավանդ, երբ Ղարաբաղը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, մեր ժողովուրդի զավակները՝ Հայաստանի և Սփյուռքի տարածքում, պետք է իրենց զորակցությունը գործնապես արտահայտեն Ղարաբաղի պաշտպանության համար, որովհետև Ղարաբաղի պաշտպանությունը Հայաստանի պաշտպանությունն է և հակառակը»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը։
Վեհափառ Հայրապետը նաև իր բարձր գնահատանքն է հայտնել Ղարաբաղի նախագահին` նրա ցուցաբերած օրինակելի հայրենասիրության ու քաջության համար։ Նախագահ Սահակյանն էլ Արամ Ա-ին մանրամասնորեն բացատրել է, թե ինչպես են երեկ գիշեր ադրբեջանցիներն անակնկալ հարձակում գործել, սակայն հայկական բանակը զորեղ կերպով հակադարձել և հետ է մղել ադրբեջանցիներին, որոնք կրել են մարդկային և ռազմական ծանր վնասներ։ Նա ասել է, որ բախումները դեռ շարունակվում են:
Առավոտյան Արամ Ա-ն հանդիպել է նաև Լիբանանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Սամվել Մկրտչյանին: Նրանք խոսել են Լիբանանի քաղաքական ներքին կացության ու հայ համայնքի մասին:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: