Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ծանր մարտերի վերաբերյալ տեղեկությունները խորապես մտահոգիչ են:
ԵՄ-ն զսպվածության կոչ է անում. Մոգերինիի հայտարարությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են Արտաքին գործերի եվրոպական ծառայությունից, նման հայտարարությամբ հանդես է եկել Արտաքին գործերի և ընդհանուր անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
«Կոչ եմ անում կողմերին անմիջապես դադարեցնել մարտերը և պահպանել հրադադարը: Կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և խուսափեն հետագա այնպիսի քայլերից և հայտարարություններից, որոնք կարող են բերել լարվածության աճի: Եվրոպական միությունը ցավում է մարդկային կորուստների, մասնավորապես վիրավոր և սպանված քաղաքացիական անձանց համար»,- նշել է ԵՄ բարձ ներկայացուցիչը:
Մոգերինին շեշտել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և նրա համանախագահներին: «Մենք ակնկալում ենք, որ կողմերը խստորեն պահպանեն հրադադարը, զերծ մնան ուժի կիրառումից և կրկին ջանքեր գործադրեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- ընդգծել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի երկու մարտական ուղղաթիռ, ոչնչացրել երեք տանկ և երկու անօդաչու սարք: ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով: