Իտալա-արաբական «Ասադաքահ» կենտրոնը խստորեն դատապարտել է Ադրբեջանի սանձարձակ գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:
Իտալա-արաբական կենտրոնը հորդորել է միջազգային հանրությանը Բաքվին զսպող գործնական քայլերի դիմել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կենտրոնից տարածած հայտարարության մեջ նշվում է, որ շփման գծում Ադրբեջանի նոր ռազմական հարձակումները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը վիժեցնելու փորձեր են: «Ադրբեջանն իրադրությունն ակնհայտ սրելու փորձ է անում, ինչն անհրաժեշտ է դարձնում միջազգային հանրության կողմից պաշտոնական Բաքվի զսպող գործնական քայլերի դիմել: Մենք լիակատար աջակցություն ենք ցուցաբերում եղբայրական Հայաստանի Հանրապետությանն ու երիտասարդ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել էր 200-ից ավելի կորուստ:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Հայկական կողմն 18 զոհ ուներ և 35-ին մոտ վիրավոր:
Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: