Ստեփանակերտի օդանավակայանն այս պահին չի գործարկվում միայն այն պատճառով, որ անհրաժեշտ քանակությամբ օդանավեր չկան:
Օդանավերի անհրաժեշտ բազա ունենալուց հետո կգործարկվի Ստեփանակերտի օդանավակայանը
Ստեփանակերտի օդանավակայանն այս պահին չի գործարկվում միայն այն պատճառով, որ անհրաժեշտ քանակությամբ օդանավեր չկան: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու մինչ օրս Ստփանակերտի օդանավակայանը չի գործում: «Օդանավակայանը գործարկելու համար մենք պետք է առնվազն 2 օդանավ ունենանք, որովհետև մենք չենք կարող տոմսեր վաճառել մարդկանց և ասել՝ « Կներեք, ինքնաթիռն այս պահին սպասարկման մեջ է»: Ավելի կայուն աշխատելու համար մենք չենք ցանկանում մտնել այդ դաշտ, տոմսերը վաճառել և ասել՝ «Գիտեք, մեր օդանավը փչացել է, և մենք չենք կարող թռիչք իրականացնել»։
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը` վկայակոչելով «Արմենպրես»-ին, նա ընդգծել է, որ նման հարցեր առաջանալու դեպքում ոչ ոք երկրորդ անգամ ցանկություն չի ունենա օգտվել օդանավակայանից:
Նա ավելացրեց նաև, որ հարկավոր է ինքնաթիռների այնպիսի բազա ունենալ, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, որ չվերթները պարբերաբար և միշտ լինելու են: «Խնդիրը միայն սրա մեջ է, այլ խնդիր չկա: Օդանավականն ամբողջությամբ պատրաստ է: Այսօր մեր ուղղաթիռներն այնտեղ իջնում են, և որևէ խնդիր չկա»,- ասաց ՊԲ հրամանատարը:
ՊԲ հրամանատարն անդրադարձավ նաև ադրբեջանական կողմի պնդումներին, թե իբր իրենք կխփեն Ստեփանակերտի օդանավակայից չվերթ կատարող ինքնաթիռները՝ ընդգծելով , որ այդ հայտարարությունները որևէ կապ չունեն օդանավակայանը չգործարկելու հետ: «Նրանք միայն հայտարարություններ են անում, սակայն իրենք էլ գիտեն, որ դա այնքան էլ հեշտ չէ իրագործել: Քաղաքացիական օդանավին հարվածելը, նշանակում է պատերազմ սկսել: Միևնույն ժամանակ, մեր խոցման գոտում ևս բազմաթիվ ադրբեջանական ինքնաթիռներ են լինում, և մենք էլ կարող ենք հանգիստ դրանք խփել, որը նույնպես այնքան էլ հեշտ չէ: Մեզ նման հայտարարություններ չեն վախեցնում, և դրանք լուրջ չեն»,- ասաց Հակոբյանը: