Ահաբեկչության դեմ պայքարի եւ ծայրահեղականության կանխման հարցերն են քննարկելու ապրիլի 7-ին ՄԱԿ-ի ժնեւյան բաժանմունքում բացվող երկօրյա միջազգային խորհրդաժողովի մասնակիցները:
Ժնեւում բացվող ՄԱԿ-ի խորհրդաժողովում քննարկելու են ահաբեկչության դեմ պայքարի հարցերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ժնեւում ՄԱԿ-ի անդամ երկրների շուրջ 40 բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումն ընթանում է Շվեյցարիայի կառավարության աջակցությամբ:
Հանդիպման մասնակիցները պետք է վերանայեն ահաբեկչության դեմ գլոբալ պայքարի ռազմավարության մի քանի հիմնական ուղղություններ՝ մարդու իրավունքների հարգումը, իրավունքի գերակայությունը եւ ծայրահեղականության դրսեւորման կանխումը:
Բանավեճի համար հիմք կծառայի Պան Գի Մունի կողմից այս տարվա հունվարին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացված գործողությունների ծրագիրը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ միջազգային հանրակցությունը պետք է համալիր մոտեցում ցուցաբերի ահաբեկչության կանխման եւ դրա դեմ պայքարի հարցերի նկատմամբ՝ ուժային միջոցների հետ մեկտեղ կիրառելով ծայրահեղականության զարգացմանը նպաստող գործոնների վերացմանն ուղղված կանխիչ միջոցներ:
Ինչպես սպասվում է, ապրիլի 8-ին համաժողովի մասնակիցների առջեւ ելույթ կունենան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալտերը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի՝ թմրանյութերի եւ հանցավորության հարցերի վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: